Ըմբիշներն ու նրանց մարզիչն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը և մեդալակիր մարզիկներն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը:
«Եվրոպայի այս առաջնությունից և գոհ եմ, և դժգոհ եմ: Պետք է աշխարհի առաջնությանն ավելի լավ նախապատրաստվենք` վերացնելով մասնագիտական սխալները: Մենք հույսեր ունեինք Կարապետ Չալյանի հետ, կարծում էինք, որ կտեսնենք նրան եզրափակիչում: Բայց նա տակտիկական սխալ թույլ տվեց: Ծանր քաշային կարգում Դավիթ Հովասափյանն էլ կամաց-կամաց մոտենում է մեդալներին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Սահակյանը:
Գևորգ Ղարիբյանը գոհ չէ, որ ընդամենը բրոնզե մեդալ կարողացավ նվաճել: Նա նշում է, որ պետք է ավելի շատ աշխատի ցանկալի արդյունքի հասնելու համար:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն էլ նշեց, որ կարող էր ավելին անել:
Եվրոպայի առաջնության չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ընդգծեց` թեպետ հաղթել է, բայց թերություններ կային: «Չնայած քաշային կարգը նոր եմ փոխել, բայց լավ էի նախապատրաստվել»,-ասաց նա:
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն էլ բրոնզե մեդալը Եվրոպայի առաջնությունում համարում է հաղթանակ:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ: