Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգով
Մայրության և գեղեցկության տոնին՝ ապրիլի 7-ին, Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա համերգային ծրագրով, որը կղեկավարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը: Երեկոն տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Որպես մենակատարներ ելույթ կունենան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Մավր Մկրտչյանը (բարիտոն), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Նվարդ Ալոյանը (դաշնամուր)։
Կհնչեն Կոմիտասի, Ռ. Մլքեյանի, Ա. Սաթյանի, Սայաթ-Նովայի, Ջ. Ռաթերի, Ջ Լիվինգսթոնի, Ջ. Գերշվինի, Վ.Յանգ-Ա. Զարգարյանի, Շ. Գունոյի ստեղծագործությունները:
Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվել է ազգային տոնացույցում։