«Ժողովրդական արտիստ լինելն այն բանի համար չէ, որ մեր հարկերով ձեզ տանեն՝ թաղեն». Հռիփսիմե Առաքելյան

Հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանի կարծիքով՝ երբ որևէ մեկը կրում է «ժողովրդական արտիստ» տիտղոսը, դա նշանակում է, որ այդ մարդը ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի կողմից հարգանք վայելող մեկն է:

«Ես համարում եմ, որ ժողովրդական արտիստն ունի անելիք, ասելիք, խոսելիք՝ այս իրողությունների մեջ: Իրողությունն այն է, որ Արցախը կորցրել ենք, հիմա Սյունիք ենք կորցնում, Արարատ ու Տավուշ ենք կորցնում, 5000 զոհ ենք տվել, տղաների ոսկորները պահվում են բժշկական կենտրոնի նկուղային հարկում. Ո՞րն ասեմ ու ո՞րը թողնեմ: Այս խելագար իրականության մեջ ես չեմ տեսել, որ այդ մարդիկ որևէ բան ասեն, որևէ գնահատական տան: Այդ մարդիկ նաև իմ արվեստագետներն են եղել, և ես խորը հիասթափություն եմ ապրել իրենցից ու խոսել եմ այդ մասին: Բնականաբար, այդ մարդկանց 90 տոկոսն աշխատում են պետական թատրոններում, նվագախմբերում և այլն: Ես լայվեր եմ արել ու հարցրել եմ՝ դուք ո՞նց եք քնում գիշերը, երբ այս երկրի գործընթացներին ընդհանրապես չեք մասնակցում, բացակա եք: Ես ձեզ տեսնում եմ տարին մեկ անգամ՝ «Արտավազդ»-ում ծափ եք տալիս մեկդ մյուսին: Բա կարո՞ղ եմ հարցնել՝ բա դուք ո՞ւր եք, «Արտավազդից» «Արտավազդ» եք երևո՞ւմ: Սա է ամբողջ խնդիրը, ու իրենք վիրավորվում են»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Առաքելյանի խոսքով՝ թատրոնների որոշ ղեկավարներ ու տարբեր գործիչներ երկրին պատուհասած աղետի ֆոնին զբաղված են ճշտելով, թե ով ում հետ է մտերիմ, և ըստ այդմ որոշում են՝ աշխատանքի ընդունե՞լ, թե՞ ոչ:

«Որ ասում են՝ այս ո՞ւր ենք հասել, լրիվ այդ վիճակն է. այս աղետի, ողբերգության մեջ սրանք այսպիսի գործունեություն են իրականացնում, ու կարող են մարդկանց ճանապարհները փակել: Գոնե ամաչեն, ձայն չհանեն, ասեն՝ լավ, մենք գիտենք, որ մենք խայտառակություն ենք… բայց իրենք մինչև վերջ խայտառակ են լինում: Մինչև վերջ խայտառակ եղեք, դա ամենափայլուն ճանապարհն է, որը որդեգրել է այս շերտը: Իհարկե, խոսքը բոլորին չի վերաբերում, այդ ոլորտում կան լուսավոր մարդիկ, ես չեմ ասում՝ մտավորական, որովհետև այս պահին Հայաստանում երևի 2-3 մտավորական կա, ոչ ավել: Մտավորականը, առաջին հերթին, պատասխանատվություն պետք է ունենա իր հայրենիքի հանդեպ, և պատասխանատվություն պետք է ունենա՝ որպես քաղաքացի: Փառք ու պատիվ բոլոր այն գործիչներին, որոնք հայկական ազգանունները հնչեցնում են «Գրեմմի»-ում և այլն, բայց շնորհալի երաժիշտ, դերասան, թատերական գործիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար լինելը չի նշանակում՝ լինել քաղաքացի, չի նշանակում՝ ցավով ու դարդով ապրող, այդ երկրի զարկերակի ու այդ երկրի արյան ճնշման հետ ապրող արվեստագետ: Ժողովրդական արտիստ լինելն այն բանի համար չէ, որ մեր հարկերով ձեզ տանեն՝ թաղեն, պետական միջոցների հաշվին տանեն՝ թաղեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս