«Դրված է Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնելու խնդիրը, որից էլ կախված է նաև Արցախի հետագա ճակատագիրը». Գագիկ Հարությունյան

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ապրիլի 6-ին Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի կողմից միանգամայն սպասելի են կտրուկ քայլեր, ոչ ի նպաստ Հայաստանի, առավել ևս, որ ՀՀ գործադիրի ղեկավարն ինքնուրույն անձնավորություն չէ։

«Հիմա դրված է Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնելու խնդիրը, որից էլ կախված է նաև Արցախի հետագա ճակատագիրը, ուստի հիմա Փաշինյանը պետք է գործի։ Մշտապես նման հանդիպումները պլանավորվում էին ՌԴ նախագահի միջնորդությամբ, հիմա այդ հանդիպումներն անցկացվում են Արևմուտքի միջոցով, և սա բերելու է բավականին ծանր հետևանքների։ Մեծ աղմուկ բարձրացվեց ռուսական խաղաղապահների շուրջ, Արցախում տեղակայված է պարզապես մեկ գումարտակ խաղաղապահ, ոչ ավելին։ Ռուս խաղաղապահների դեմ ուղղված թուրք-բրիտանական քարոզն է այժմ տարվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ, եթե ՀՀ իշխանությունները շարունակեն նման քաղաքականություն վարել, ապա այդ ամենը ՌԴ-ի կողմից արժանանալու է որոշակի վերաբերմունքի։

«Կարծում եմ՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործողություններից հետո ռուսական կողմը կփորձի ինչ-որ ձևով անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում էին թուլացնել իր դիրքերը։ Այսօր թշնամին փորձում է ոչնչացնել հայկական Արցախը, և այդ ամենը տեղի չի ունենում, քանի որ Արցախի անվտանգությունը պահպանվում է ռուսական խաղաղապահների միջոցով։

Ինչո՞ւ թշնամին հայտնվեց Փառուխում, կա մեկ պատասխան, կարծում եմ՝ կար երկուստեք պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով, հետևաբար՝ մեղադրել այդ փոքրաթիվ խաղաղարար ուժերին՝ այդքան էլ ճիշտ չէ»,- հավելեց քաղաքագետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր ռուս խաղաղապահների թիվը պետք է մեծացնեն Արցախում, թեև վստահ է, որ ՀՀ իշխանությունները նման խնդիր չեն բարձրացնի։

«Հիմա մեր բոլոր խնդիրները դրել ենք Ռուսաստանի վրա ու սպասում ենք, որ լուծի, բայց չէ՞ որ այդ երկիրն էլ իր սեփական շահն ունի։ Հետևաբար՝ այս պահին Արցախում խաղաղապահների թվի ավելացումն այդքան էլ իրատեսական չէ, հատկապես, որ ամբողջ Արևմուտքը մեծ վայնասուն կբարձրացնի, մասնավորապես, որ Հայաստանի կողմից այդ հարցին այդքան էլ կարևորություն չի տրվում»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս