Բաժիններ՝

Անձնական փորձառությունը մասնագիտական գնահատական չէ

Կրթության նախարարությունը սկսել է խոսել կրթության խնդիրների մասին։ Վերջերս հանրային քննարկման ներկայացված Կրթության զարգացման մինչև 2030թ. պետական զարգացման ծրագրի ամենածավալուն հատվածը կրթության խնդիրների ներկայացումն է։ Սա արդեն առաջընթաց է, քանի որ նախկինում նախարարությունը չէր համաձայնում խնդիրների լրջության հետ։ Երբեմն հնչում էին տեսակետներ այն մասին, որ մի շարք մասնագետներ ամեն ինչի մեջ վատն են տեսնում։ Հնչում էին նաև հավաստիացումներ, որ շուտով լավ է լինելու։

Ցավոք, այս խնդիրների մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ մի շարք միջազգային զեկույցներում ներկայացվեցին տվյալներ Հայաստանի դպրոցականների շրջանում առկա գրագիտության խնդիրների մասին։ Ցավալի է, որ մենք ինչ-որ բան ընդունում ենք, երբ միջազգային կառույցներն են խոսում այդ մասին։ Մինչդեռ կարող էինք ավելի վաղ ընդունել իրողությունները և ավելի արագ շտկել իրավիճակը։

Իհարկե, միայն խնդիրներն ընդունելը բավարար չէ։ Ներկայումս նախարարության առաջնահերթ անելիքներից մեկը պիտի լինի այդ խնդիրների պատճառները հասկանալը։ Ինչո՞ւ է Հայաստանի կրթության համակարգի որակն անբավարար, ինչո՞ւ աշակերտները չեն սիրում սովորել, ինչո՞ւ կրթության ոլորտի փոփոխությունները շոշափելի արդյունքներ չեն տալիս։ Եթե համեմատենք բժշկության հետ, ապա նախարարությունն այս փուլում ընդամենը արձանագրել է, որ մեր կրթական համակարգն «անառողջ է»։ Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար արձանագրում է։ Հիմա շատ կարևոր է սկսել քննարկումներ պատճառների մասին։

Բայց հիմա էլ նկատվում է շտապողականություն լուծումներ առաջարկելու հարցում։ Առաջարկվող փոփոխությունների ծավալն ահռելի է, և կա մտավախություն դրանց հիմնավորվածության մասին։ Օրինակ՝ մտածում ենք, որ եթե դպրոցների տնօրենները չեն հասցնում զբաղվել բովանդակային հարցերով, ապա նրանցից պետք է վերցնել վարչատնտեսական լծակները։ Արդյոք ուսումնասիրվե՞լ է տնօրենների զբաղվածության հարցը։ Տնօրենների քանի՞ տոկոսն են դպրոցում մնում ժամը 17:00-ից հետո։ Ինչպե՞ս են օգտագործում իրենց աշխատանքային ժամանակը տնօրենները։ Երբ տնօրեններն ասում են, որ իրենք շատ ծանրաբեռնված են, գուցե դա աշխատավարձը բարձրացնելու նուրբ ակնարկ է։ Երբ տնօրենները չեն մասնակցում վերապատրաստման դասընթացների՝ ասելով, որ իրենց մարզպետարան են կանչել, կամ շատ զբաղված են, գուցե դա վերապատրաստմանը չգնալու ցանկության արդարացում է։ Այս ամենը չուսումնասիրվեց և որոշվեց բեռնաթափել տնօրենների աշխատանքը՝ մեծացնելով բյուջեի ծախսերը։  Մի քանի հարյուր մարդ 2023թ. հունվարից պետք է բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորվի դպրոցներում՝ որպես համակարգող։

Բացարձակապես չի ուսումնասիրվում ուսուցիչների մոտիվացիան, հոգեբանությունը, մտածելակերպը։ Ինչո՞ւ են մարդիկ ուսուցիչ դառնում Հայաստանում։ Ինչո՞ւ ուսուցիչների ավելի քան 90%-ը չի ուզում մասնակցել կամավոր ատեստացիային և ստանալ աշխատավարձի էական բարձրացում։ Ինչո՞ւ է ուսուցիչների մեծ մասը խուսափում փոփոխություններից՝ գերադասելով մնալ հարմարավետության ոչ այնքան բարվոք գոտում։ Նախարարությունը գիտական բազմաթիվ հետազոտություններ է ֆինանսավորում Գիտության պետական կոմիտեի միջոցով։ Ինչո՞ւ չի կարելի նման հարցերը հետազոտել։

Հայաստանի կրթական բոլոր բարեփոխումները եղել են հավակնոտ։ Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ մեծամասշտաբ փոփոխություններ են սկսում, որոնց արդյունքները 10 տարի հետո կերևան։ Բայց 10 տարի հետո պարզվել է, որ գրագիտության մակարդակն էլ ավելի է վատացել։ Պատճառն այն է, որ մենք հաճախ կրթական բարեփոխումները շփոթում ենք բարի ցանկությունների հետ։ Մեզ թվում է, որ, եթե գեղեցիկ մտքեր գրենք մեր փաստաթղթերում, ապա կունենանք լավ ապագա։ Բայց կրթության համակարգն այդպես չի զարգանում։

Ցանկացած միջամտության հիմքում պետք է լինեն լրջագույն պատճառահետևանքային վերլուծություններ, փորձարկումներ։ Պետք է գտնել կրթության համակարգի այն կետերը, որոնց դիպչելով՝ կկարողանանք համակարգը տեղից շարժել։ Լուրջ ուսումնասիրությունների դեպքում կարող է պարզվել, որ այդ կետերն անգամ կրթության համակարգից դուրս են։ Մենք կարող ենք մեծ գումարներ վատնել՝ առանց որևէ շոշափելի արդյունքի։

Նախարարությունն այսօր կարիք ունի կտրուկ ուժեղացնելու ախտորոշման և մշտադիտարկման կարողությունները։ Եթե սա արվի պատշաճ որակով, մենք կունենանք կրթության համակարգի պրոֆեսիոնալացման աննախադեպ աճ։ Մեզ թվում է, որ եթե դպրոց, համալսարան ենք գնացել, ունենք դպրոցական և ուսանող երեխաներ, ապա հասկանում ենք կրթության խնդիրները։ Այսինքն՝ անձնական փորձառությունը նույնացնում ենք մասնագիտական գնահատականի հետ։

Մինչդեռ կրթության համակարգում կարող են լինել ամենատարբեր, հաճախ հակադիր անձնական փորձառություններ։ Եվ քանի որ անձնական փորձառությունները առաջին հայացքից շատ համոզիչ են թվում, մենք հաճախ դրանց վրա կարող ենք կառուցել բարեփոխումների քաղաքականություն։ Ավելին, քանի որ մենք շփվում ենք մեզ նման մտածող մարդկանց հետ, հաճախ կարող ենք ունենալ խմբային կարծրատիպեր։ Եթե մեր նման մտածող մի քանի տասնյակ մարդիկ ինչ-որ հարցում համաձայն են, ապա դա դեռևս չի ներառում ամբողջ իրականությունը։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս