Կապիտալ ծախսերի կատարողականի աննախադեպ ցուցանիշ արձանագրվել էր 2017 թվականին և ոչ թե 2021-ին

Ս.թ. մարտի 31-ին տեղի ունեցած Կառավարության նիստին ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ 2021թ. արդյունքներով արձանագրվել է 218 մլրդ դրամ կամ ճշտված կապիտալ ծախսերի նկատմամբ 92,3% կատարողական` ընդգծելով, որ «Դա բոլոր տարիների նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է»։

Այո, կապիտալ ծախսերի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ կազմել է 92.3%, իսկ տարվա համար սկզբնապես սահմանված պլանի նկատմամբ՝ 100%: Սակայն, այդ ցուցանիշը միայն վերջին 4 տարիների ամենաբարձր ցուցանիշն է` ասել է թե Նիկոլ Փաշինյանի կառավարության նախորդ տարիների ծայրահեղ վատ ցուցանիշների համեմատ ըստ ՀՀ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման զեկույցի՝ 2020թ.-ին այն եղել է 84.9%, 2019թ.-ին՝ 73.5%, իսկ 2018թ.-ին՝ 74.0%:

Իրականում կապիտալ ծախսերի կատարողականի աննախադեպ ցուցանիշ արձանագրվել է 2017 թվականին։ Այդ տարի կապիտալ ծախսերը ի սկզբանե պլանավորվածի համեմատ գերակատարվել են շուրջ 2.4 անգամ (98.6 մլրդ նախապես պլանավորվածի փոխարեն փաստացի իրականացվելով 237.4 մլրդ դրամ): Հետևաբար, այս ցուցանիշով ներկա կառավարությունը դեռևս հեռու է նախորդ կառավարության դրական արդյունքներից: (տե’ս Գրաֆիկ 1)

Կապիտալ ծախսերի վերլուծության պարագայում կարևոր է նաև ուսումնասիրել տնտեսության համեմատ դրանց կշռի փոփոխությունը, որտեղ պատկերը նույնպես մտահոգիչ է, քանի որ կապիտալ ծախսերը 2021թ. կազմել են ՀՆԱ-ի 3.1%, ինչը ցածր է 2020թ. ցուցանիշից շուրջ 0.6 տոկոսային կետով, իսկ 2017թ. ցուցանիշից՝ շուրջ 1.2 տոկոսային կետով, ինչպես նաև ցածր է ՀՀ պատմական (2000-2020թթ. միջին) կապիտալ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունից շուրջ 0.6 տոկոսային կետով (2020թ.-ի պարագայում կապիտալ ծախսերի կշռի աճը ՀՆԱ-ի նկատմամբ պայմանավորված էր ռազմական գործողությունների արդյունքում ռազմական նպատակներով ծախսեր կատարելու անհրաժեշտությամբ)։ Պատմական միջինի համեմատ կապիտալ ծախսերի ՀՆԱ-ի նկատմամբ կշռի ամենից բարձր, աննախադեպ ցուցանիշն իրականում արձանագրվել է կրկին 2017թ.-ին` կազմելով 4.3%: (տե’ս Գրաֆիկ 2)։

«Լույս» հիմնադրամի Telegram–յան ալիք

Տեսանյութեր

Լրահոս