Ի՞նչ դեր է հավակնում ստանձնել Անկարան Փաշինյան-Ալիև գործընթացում, և ինչպե՞ս է Մոսկվան հետ քաշվում
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանն ընդառաջ, նախօրեին Եվրամիության հարկի տակ կայացել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Եվրոպական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորյան-Հաջիև հանդիպման հիմնական թեման եղել է առաջիկա բարձրաստիճան հանդիպումը։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ կայացած «սուբստանտիվ բանակցությունների ընթացքում, որոնք ներառում էին նաև պարոնայք Հաջիևի և Գրիգորյանի առանձնազրույցը, մասնակիցներն անդրադարձել են քաղաքական և անվտանգային իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների ամբողջ սպեկտրին»՝ Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում «ձեռք բերված ըմբռնումների համատեքստում», կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին՝ շարունակելու քննարկումները, մասնավորապես, դեկտեմբերի 14-ի եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների շուրջ։
Հաղորդագրությունում ասվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կանդրադառնան նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցերին։
Հարկ է հիշեցնել, որ Խաղաղության համաձայնագրի բանակցությունների մեկնարկին նախորդեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի գազային տեռորը և Փարուխ գյուղի ու Քարագլխի բարձունքի շուրջ ծավալված իրադարձությունները, երբ կողմերը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Անթալիա կատարած այցից սկսած էլ ավելի ինտենսիվ կերպով սկսեցին խոսել հնարավոր Խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, ՀՀ-ն դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ բանակցություններ սկսելու առաջարկով, Ադրբեջանը ներկայացրեց իր 5 պայմանները, որոնք հայկական կողմի համար ընդունելի են։
Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն այդ փուլում նշեց, որ Հայաստանին ու Ադրբեջանին միջնորդներ հարկավոր չեն, իսկ ներկայումս առաջարկում է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպում և ներկայացնում, թե կոնկրետ ինչ տեսք է ունենալու հայ-թուրքական նորմալացման գործընթացը՝ արձանագրելով, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում «լավ դինամիկա է նկատվում»։
Կարևոր է նաև հիշեցնել՝ մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հանդիպում էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, իսկ դրանից առաջ փետրվարի 4-ին Միշելի միջնորդությամբ կայացել էր տեսակոնֆերանս Փաշինյանի և Ալիևի միջև՝ Միշելի և Մակրոնի մասնակցությամբ։ Ուշագրավ տեղեկատվություն է նաև այն, որ այս օրերին Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելել էր Բաքու։
Եվ մինչ այսօր Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել, Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ այսօր նշել է, որ պետք է առաջ շարժվել դեպի խաղաղություն, որի շուրջ պայմանագիր պետք է կնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև սեղմ ժամկետներում։
Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է Բաքվի առաջարկները, և դա լավ նշան է։
«Սա շատ լավ է, և ես հուսով եմ, որ իրավիճակը կպարզվի Բրյուսելում»,- ասել է Ալիևը։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ գործընթացի վերաբերյալ բոլոր գլխավոր ուղղություններն ակնհայտորեն տեսանելի են, սակայն կան մի շարք կասկածելի բաղադրիչներ։
Ըստ նրա, տրամաբանությունն այն է, որ Երևանը, Բաքուն, Անկարան գնում են խաղաղություն հաստատելու ճանապարհով՝ անկախ այն հանգամանքից, որ դրա գինը բոլոր մասնակիցների համար նույնը չէ։
«Ակնհայտ է նաև, որ տարածաշրջանում ունենալով կոնկրետ շահեր, ԵՄ-ն փորձում է որոշ գործընթացներ համակարգել, ձեռք բերել թե՛ ներկայություն, թե՛ թուլացնել Մոսկվայի ներկայությունն ու միջնորդական դերակատարությունը, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը նշում էր, որ Մոսկվայի միջնորդական ջանքերն Արևմուտքի հավանությանը չեն արժանանում։ Հիմա, բնականաբար, Արևմուտքը ողջ ռեսուրսը ներդրել է՝ առանց Մոսկվայի իրավիճակներ փոխելու նպատակների իրագործման համար, և այս դեպքում ԵՄ-ի հետաքրքրությունը հենց Խաղաղության համաձայնագիրն է, հաղորդակցություններն են՝ այն դեպքում, երբ կապուղիների բանակցման համար կա եռակողմ՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանձնաժողով»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով, այս ամենի ֆոնին անհասկանալի է մնում ԵԱՀԿ ՄԽ դերը։ Եթե Երևանը դիմում է ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա դա գոնե պետք է որ համաձայնեցված լիներ Արևմուտքի հետ, եթե համաձայնեցված էր, ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում, կամ ի՞նչ հանգրվանում է արգելափակված ՄԽ գործունեությունը։
«Գուցե նախատեսվում է, որ կոնկրետ մեծ համաձայնություններն այլևս ձեռք են բերվելու Միշելի ձևաչափում, իսկ մշակման աշխատանքը կատարելու է ԵԱՀԿ Մինսկի խո՞ւմբը։ Սրանք հարցեր են, որը անորոշություն է մտցնում։ Ինձ համար այստեղ անորոշ է մնում նաև Թուրքիայի դերը և ԵՄ-Թուրքիա համաձայնեցումներն այս թեմայի շուրջ։ Վերլուծության ենթակա է նաև թուրքական կողմի՝ եռակողմ հանդիպում կազմակերպելու առաջարկը։ Հասկանալով, որ այս պահին երկկողմ հարաբերությունները՝ հայ-թուրքական, թույլ չեն տալիս գործընթացում ապահովել Անկարայի ուղիղ ներկայություն, Անկարան մի փոքր հեռադիր է հայ-ադրբեջանական գործընթացին ԵՄ միջնորդությամբ, սակայն ժամանակի ընթացքում Անկարայի դերը ավելի ու ավելի է մեծանալու՝ մինչև անգամ դուրս մղելով ԵՄ դերակատարությունը։
Սա շատ բնորոշ է Անկարայի քաղաքականությանը։ Կարելի է տեսնել, թե ինչպես Անկարան կարողացավ դառնալ ռուս-ուկրաինական բանակցությունները հյուրընկալող և համակարգող երկիր այն դեպքում, երբ Անկարայի ծառայությունները որևէ մեկին հարկավոր չէին։ Թուրքիայի ներկայիս իշխանությունները կարողացան ռուս-ուկրաինական ներկայիս հարաբերություններում սահուն կերպով Անկարան դարձնել կարևոր հանգույց՝ հավակնելով կազմակերպել նաև ղեկավարների մակարդակով հանդիպումը։ Այսօր արդեն խոսք գնաց Պուտինի Թուրքիա կատարելիք այցի մասին։ Թուրքիան այսօր բանակցություններ է վարում Երևանի հետ, անուղղակիորեն մասնակից է նաև հայ-ադրբեջանական գործընթացին և հավակնում է լիովին կլանել այդ գործընթացը, Թուրքիան միջնորդ է նաև ռուս-ուկրաինական բանակցություններում։
Կարևոր հանգամանք է նաև, որ այս ամենը տեղի է ունենում զուգահեռ և խառը, այսինքն՝ որքան էլ ռուս-ուկրաինական պատերազմը, դրա պատճառահետևանքային կապը լիովին տարբեր է հարավկովկասյան խնդիրներից, ներկայումս գլոբալ խաղացողները դրանք դիտարկելու են ընդհանուր նաև։ Ռուսաստանի վերաբերյալ դեռ բարդ է մնում որևէ բան ասել, քանի որ Մոսկվան չի անում հրապարակային որևէ հայտարարություն, որից կարելի է ենթադրել, որ Մոսկվան կարող է դեմ լինել այս զարգացումներին, կամ, ինչպես շատերը, սպասում է ուկրաինական ելքին, սակայն մինչ դա Հարավային Կովկասում իրավիճակներ են փոխվում առանց Մոսկվայի, ինչը բնական ու սպասելի էր»,- մեկնաբանեց վերլուծաբանը։
Նրա կարծիքով՝ ուշագրավ է այն հանգամանքը, որ պատերազմը դադարեցրեց, եռակողմ համաձայնագրեր կնքեց Մոսկվան, սակայն Խաղաղության համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կկնքվի այլ հովանու ներքո։