ՀՀ և ԱՄԷ-ի կառավարությունների միջև աշխատուժի օգտագործման մասին հուշագիր կստորագրվի
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ փոխըմբռնման հուշագրի կնքումը կնպաստի Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող ՀՀ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը և աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
2017 թվականին Էմիրաթական կողմը հանդես էր եկել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև աշխատուժի օգտագործման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախաձեռնությամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամբողջովին լրամշակել և ՀՀ ԱԳՆ է ներկայացրել հուշագրի նախագիծ` ներառելով աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանցքային դրույթներ։
Կարևորելով աշխատանքային միգրացիայի կարգավորման և աշխատուժի օգտագործման ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ կանոնակարգված համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև հաշվի առնելով նախագծով սահմանված հարցերի շրջանակը և այդ համատեքստում՝ աշխատանքային միգրանտների իրավունքների լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը՝ Էմիրաթական կողմի պատվիրակության (ԱՄԷ մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարարի տեղակալի գլխավորությամբ)՝ 2021 թվականի օգոստոս ամսին Հայաստան կատարած այցի ընթացքում մանրամասն քննարկվել են հուշագրի նախագծի դրույթները և կայացած բանակցությունների արդյունքում՝ լրամշակվել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի կնքումը, քանի որ այն կնպաստի Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը և աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
Համաձայն «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորման միասնական պետական քաղաքականություն: Համաձայն նույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի` լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով: Համաձայն նույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի` աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ արտաքին տեղաշարժը` նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հուշագրի կնքումը կնպաստի նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթների իրացմանը:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի կնքումը: