Ինչու թիրախավորվեց Փիլոյանը. պաշտոնական դիրքի չարաշահո՞ւմ, թե՞ պատերազմական «հետաքրքրություններ»

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ): Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կան ձերբակալված ԱԻՆ աշխատակիցներ:

168.am-ի տեղեկություններով՝ ձերբակալված է ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը: Ըստ էության, թիրախում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն է:

Նիկոլ Փաշինյանի մարտի 28-ի որոշմամբ, Անդրանիկ Փիլոյանին տրամադրվել է 14 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ՝ մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ: Այլ կերպ ասած՝ «տնային կալանք»՝ մինչև Փաշինյանին հարմար պահ: Չի բացառվում, որ Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք առաջադրվի: Հնարավոր է նաև՝ շոուի համար կալանավորեն: Ամեն ինչ հնարավոր է՝ կանխատեսելի և անկանխատեսելի:

Եվ այստեղ որոշիչը կամ գլխավոր շարժառիթը, թերևս, Անդրանիկ Փիլոյանի՝ պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահումները չեն լինելու, այլ Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական ինչ-ինչ շահերն ու նպատակները, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի հանգամանքների քննության համատեքստում:

Նշենք, որ Անդրանիկ Փիլոյանը գեներալ է դարձել Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2020 թվականի հուլիսի 7-ին: Այդ ժամանակ նա ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: Պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 20-ին, Նիկոլ Փաշինյանը որոշում է, որ Անդրանիկ Փիլոյանը և նրա վերադասը՝ այդ ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, պիտի ստանան Ազգային հերոսի կոչում:

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը:

Հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահը «օրենքի ուժ» է հաղորդում Փաշինյանի այս որոշմանը:

Ի դեպ, հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում:

Ադրբեջանի նախագահն իր հերթին՝ հոկտեմբերի 19-ին և 20-ին հեռարձակված տեսաուղերձներում հայտարարել էր 37 բնակավայրի գրավման մասին, այդ թվում՝ Կովսականի: Կովսականի մատույցներում ադրբեջանական զորքերի ներկայության փաստը հոկտեմբերի 20-ի առավոտյան հաստատել էր Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 18-19-ը Իշխանաձորի և Այգեհովիտի հատվածներում ընթացած թեժ մարտերի ժամանակ Իջևանի գունդը մոտ 4 տասնյակ զոհ է տվել՝ սպաներ և ժամկետայիններ, զոհերի թվում եղել են ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ընկերները՝ փոխգնդապետ Արմեն Օհանյանը և գնդապետ Թաթուլ Ղազարյանը:

Վերադառնալով Անդրանիկ Փիլոյանին, նշենք, որ մեզ հասած և շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա պարտականություն է ունեցել Կուբաթլուն՝ Սանասարը պահելու, սակայն այնտեղից նահանջ է եղել իր կորպուսի ուժերով, որը տրամադրված է եղել այդ ուղղության համար:

Հոկտեմբերի 25-ին արդեն Ադրբեջանը հայտարարեց Սանասարի գրավման մասին։

Թե կոնկրետ ինչի՞ համար պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 20-ին, Փիլոյանին և նրա վերադաս Տիրան Խաչատրյանին արժանացրեցին Ազգային հերոսի կոչման, մինչ օրս հայտնի չէ:

Իսկ Անդրանիկ Փիլոյանը 2020 թվականի նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, 2021 թ. օգոստոսի 3-ին՝ վերանշանակվել:

Եթե մի պահ ընդունենք, որ Անդրանիկ Փիլոյանը չարաշահումներ է թույլ տվել, ապա ստացվում է, որ նախկինների օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած մարդիկ Փաշինյանի հետ 1-2 տարի աշխատելուց հետո դառնում են կոռուպցիոներ: Ասվածի ապացույցը նաև ՊՆ և ԳՇ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված գործերն են, հատկապես՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի:

Ի դեպ, Անդրանիկ Փիլոյանը խուսափել էր պատասխանել Դավիթ Տոնոյանի նկատմամբ իրավական գործընթացների մասին հարցերին, թեպետ աշխատել է նրա հետ, այդ թվում՝ այն ժամանակ, երբ իբր բանակին անորակ հրթիռ է մատակարարվել:

Ավելին, երբ մեկ այլ առիթով լրագրողները նրան հարց էին տվել, որ ագրեսիվ քարոզարշավ է սկսվել գեներալների դեմ, օրինակ, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին անվանում են բուկլետ բաժանող, Փիլոյանը՝ ունենալով գեներալի հետ աշխատելու փորձ, և, ըստ էության, ԳՇ պետի մատը ևս խառն է նրա Ազգային հերոս դառնալու հարցում, դարձյալ խուսափողական պատասխան էր տվել, թե նույն հաջողությամբ իր նկատմամբ շատ-շատ լրատվամիջոցներ, մարդիկ ավելորդ բաներ են արտահայտվում:

Մինչդեռ գեներալ Փիլոյանը, որի անունը նաև ավելի ուշ մի պահ շրջանառվեց ԳՇ պետի թեկնածուների շարքում, պիտի գիտակցեր, որ խնդիրն այստեղ Օնիկ Գասպարյանը չէր, այլ բանակին և գեներալներին Փաշինյանի սկսած վարկաբեկման գործընթացը, ինչը նշանակում էր՝ մի օր հերթը նաև իրեն է հասնելու: Հասավ:

Տեսանյութեր

Լրահոս