«Freedom House»-ի և «Amnesty International»-ի կոշտ ապտակը
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2021-2022 թվականների տարեկան զեկույցը։
Կարևոր է արձանագրել՝ զեկույցը, որն անվանվել է «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում», արձանագրում է՝ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է անհիմն ու անարդար կերպով սահմանափակված մնալ։ Այն քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը և քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։
Զեկույցում ասվում է նաև, որ Կառավարության կողմից իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանափակվել են լրատվամիջոցների գործունեությունը ու քննադատությունը:
Խոսքը վերաբերում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի չափերի բարձրացմանը և ծանր վիրավորանքի քրեականացմանը։ Զեկույցում նշվում է, որ 2021թ. մարտ ամսին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը հասցվել է 6 միլիոն դրամի (մոտ 12 000 ԱՄՆ դոլար)։
2021թ. օգոստոս ամսին ԱԺ-ի կողմից ընդունվեց օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ ևս, որով քրեականացվեց հասարակական գործիչներին վիրավորելը։ Ըստ կատարված փոփոխությունների՝ կրկնակի վիրավորանքների համար սահմանվեց պատիժ՝ մինչև 3 ամիս ազատազրկում:
Զեկույցում նշվում է, որ, հիմնվելով օրենսդրական փոփոխությունների վրա, սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործեր է հարուցել ֆեյսբուքյան օգտատերերի դեմ՝ վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություններ գրելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը ևս մտահոգություն էր հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված կառավարական պաշտոնյաների հանդեպ «լուրջ վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով:
«Այս օրենսդրության կիրառումը, որը միայն 2022 թվականին հանգեցրել է ավելի քան 260 քրեական գործի հարուցման, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և սառեցնող ազդեցություն է ունենում խոսքի ազատ արտահայտման վրա: Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որն այնքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, որի մասն է Հայաստանը»,- ասվում էր հաղորդագրության մեջ: