«Այս անգամ իշխանությունները չեն կարողանում իրենց մեղքը որևէ մեկի վրա դնել, թիրախավորել են խաղաղապահներին, ինչը մտահոգիչ և վտանգավոր է». Դավիթ Գալստյան
Այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանն ընդունեց Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագիծը, որը մասնավորապես վերաբերում է Տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյաննասաց, որ Սահմանադրությունում նման փոփոխություն պետք է կատարվեր, քանի որ նախորդ փոփոխությունները գործում էին մինչև այս տարվա մարտ ամիսը։
Ինչ վերաբերում է Արցախում ստեղծված իրավիճակին, Դավիթ Գալստյանն ասաց, որ անհրաժեշտ է հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
«Քաղաքացիների կամ անհատների տված տեղեկատվությունը շատ դեպքերում ժողովրդի մեջ խուճապ է առաջացնում կամ ինչ-որ տեղ ճիշտ չի հասկացվում, այդ պատճառով էլ անհրաժեշտ է հետևել պաշտոնական լրահոսին»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Հարցին՝ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նույնպես հորդորում էին հետևել միայն պաշտոնական լրահոսին, որտեղ հայկական կողմը «Հաղթում էր», իսկ պատերազմի վերջում պարզվեց, որ կորսվել է Արցախի 75 տոկոսը, մտավախություն չունի՞, որ այս դեպքում էլ նույն սցենարը կկրկնվի, Դավիթ Գալստյանը պատասխանեց.
«Ամեն դեպքում խոստացել են, որ 44-օրյա պատերազմի օրերի նման չեն տալու պաշտոնական տեղեկությունները, եթե զգանք, որ պաշտոնական տեղեկատվությունն իրականությունից շատ կտրված է, այդ ժամանակ մենք արդեն կխոսենք»։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, ըստ որոնց՝ Արցախում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնում են ռուս խաղաղապահների վրա, Դավիթ Գալստյանն ընդգծեց, որ ծանոթ են Հայաստանի իշխանությունների ձեռագրին։
«Այդ իշխանությունները փորձում են բոլոր պարագաներում իրենց անելիքը կամ իրենց չարածների համար մեղավորներ փնտրեն ու մեղավորներ նշանակեն։ Համոզված եմ, որ սա ո՛չ առաջին անգամ է, ո՛չ վերջին։ Այս պարագայում թիրախավորել են ռուս խաղաղապահներին, քանի որ ժողովրդին այլևս չեն կարող թիրախավորել։ Իրենք միշտ թիրախներ են փնտրում, այս անգամ իրենց մեղքը չեն կարողանում որևէ մեկի վրա դնել, թիրախավորել են խաղաղապահներին, ինչը մտահոգիչ և վտանգավոր է։ Կարող եմ փաստել, որ խաղաղապահներն իրենց առաքելությունը բարձր մակարդակով կատարում են, և այսօր արցախահայությունը տեսնում է միայն խաղաղապահների կատարած աշխատանքը՝ թե՛ սահմանին, թե՛ Արցախի ներսում։ Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են թիրախավորել խաղաղապահների աշխատանքը, դրանք քաղաքական կամ այլ ուժերի շահերն են սպասարկում, ինչը վնասում է հայկական շահին»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։