Ի՞նչ կապ ունեն ռուս-ուկրաինական բանակցությունները Փարուխի և Քարագլխի շուրջ ստեղծված իրավիճակի հետ
Արցախի շուրջ ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական կրքեր են կուտակվում։ Մինչ այսօր Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակները բանակցություններ էին վարում ուկրաինական պատերազմը դադարեցնելու և հակամարտությունը կարգավորելու շուրջ, Արցախի տեղեկատվական շտաբը կրկին հայտնեց․ «Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում»։
Այսինքն՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն, չնայած ՌԴ ՊՆ հասցեական հայտարարությունների՝ ուղղված Ադրբեջանին՝ վերադառնալ մշտական տեղակայման դիրքեր, շարունակում է մարտահրավեր նետել, լուրջ խնդիրներ ստեղծել Արցախում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի ներկայության համար՝ միևնույն ժամանակ հեղինակազրկելով Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում։
Նախօրեին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը` այն գնահատելով խիստ լարված։ ԱԽ-ն վերահաստատեց Հայաստանի առաջարկը՝ անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
«Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»,- ասված էր Կառավարության հաղորդագրությունում։ Հարկ է նաև նշել, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դեսպաններ Անն Լույոյին, Լին Թրեյսիին ու Սերգեյ Կոպիրկինին։ Մարտի 28-ին Միրզոյանն ընդունել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին: Այսօր հայտնի դարձավ, որ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշում է ընդունել պահուստային ուժեր կենտրոնացնել Փառուխ գյուղի հատվածում՝ ադրբեջանական զորքի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար։ Ռուս-ադրբեջանական սկանդալի պատճառ է դարձել ռուս պատգամավոր Միխայիլ Դելյագինի կոչը՝ պատժել Ադրբեջանին ռուս խաղաղապահներին չլսելու համար։ «Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի նավթարդյունաբերությունը։ Մեզ այն հարկավոր չէ, այն ծայրաստիճան խոցելի է։ Եթե մարդիկ չեն հասկանում բառերով, գուցե նրանք ստիպված լինեն հասկանալ գործով։ Եթե մենք դա չանենք, մենք չենք լինի։ Հարցը գոյություն ունի միայն այսպես»։
Ռուս-ադրբեջանական մեդիափորձագիտական դաշտում լարվածությունն էապես աճել է։
Փարուխ գյուղի և Քարագլխի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին ուշագրավ տեղեկատվություն հայտնվեց ռուսական մեդիատիրույթում․ ՏԱՍՍ-ին ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին ծանոթ ռուսական աղբյուրը հայտնել է, որ ռուսական կողմը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը բանակցությունների նպատակով Ստամբուլ ժամանած Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման ժամանակ կարող է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը։
168․am-ի հետ զրույցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին և վերոնշյալ տեղեկությանը, ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ տեղեկությունը, թե բանակցությունների ընթացքում կարող է բարձրացվել Ղարաբաղի հարցը, նշանակում է, որ այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, շատ ավելի մեծ խճանկարի մի հատված է, որը կառավարվում է նաև Թուրքիայի կողմից, և Ռուսաստանն իր քայլերը պլանավորում է՝ հասկանալով այս իրողությունը։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմական որևէ գործողություն առանց Թուրքիայի և առանց դրանում թուրքական շահի տեղի չի ունենում, և Թուրքիան աշխատում է ռուսական դիրքերի թուլացման ուղղությամբ, չնայած, դրա հետ մեկտեղ՝ շատ խորամանկ քաղաքականություն է վարում՝ նշելով, թե չի միանալու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։
«Թուրքիան ամեն կերպ իր քիթը մտցնում է գոտիներ, որտեղ կա Ռուսաստանը։ Ներկայումս էլ ռուս-ադրբեջանական դեռ ոչ պաշտոնական մակարդակում լարվածություն է հասունանում, Ռուսաստանից բավականին սուր հայտարարություններ են հնչում Ադրբեջանի հասցեին, ադրբեջանական լրատվամիջոցները ողողված են հակառուսական նյութերով և Ուկրաինայի աջակցության քարոզչությամբ։ Պետք է նախ Ռուսաստանում ընդունեն, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինային, և սա անտեսել չի հաջողվի, որը փորձում էին անել։ Ադրբեջանը չի հանդուրժում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջազգային մանդատի բացակայությունը, սա ևս անտեսել չի կարելի։
Բայց այս փուլում Ռուսաստանը Ադրբեջանին ու Թուրքիային անտեսել ևս չի կարող։ Վերջին իրադարձությունները Ղարաբաղում և դրանց Ռուսաստանի արձագանքը շատ ավելի գլոբալ հարց է թվում, քան պարզապես Հայաստանի ու Ղարաբաղի հարցը կամ մեկ գյուղի հարցը։ Այնուամենայնիվ, անկախ հարցի մեծ կամ փոքր լինելուց, ՌԴ-ն հասկանում է, որ պետք է լուծի ստեղծված իրավիճակը՝ իր համար հնարավորինս քիչ ցնցումներով, հաշվի առնելով Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը և հասկանալով, որ նրանք մեծամասնությամբ աշխատում են ընդդեմ Ռուսաստանի»,- ասաց նա։
Թուրքագետը գտնում է, որ սխալ են կարծիքները, թե Ռուսաստանն ու Թուրքիան համակարգում են իրենց գործողությունները Հարավային Կովկասում, քանի որ ամեն ինչ շատ ավելի հասկանալի է դառնում, երբ դիտարկում ենք, որ Թուրքիան աշխատում է Ռուսաստանի դեմ։
«Ի դեպ, դա ամենևին էլ նոր գիծ չէ, դա Ռուսաստանում տեսնում են և մոտենում են դրան դիվանագիտորեն։ Այդ հարցով շատ սխալներ ևս եղել են, բայց ունենք այն, ինչ ունենք և այսօր պետք է ելնենք դրանից»,- ասաց նա։
Իր հերթին՝ ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում ասաց, որ պարզապես վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիայի ու Թուրքիայի հետ Ադրբեջանի «քաշային կարգերը» Հարավային Կովկասում փոխվել են իրենց օգտին, Ռուսաստանի դեպքում ևս փոփոխություններ են եղել, որոնք իր օգտին չէ, որ խոսում են։ Ըստ նրա, չնայած ՌԴ-ն տարածաշրջանում չունի այն ազդեցությունը, դեռ ելնում է այն մտքից, որ տարածաշրջանում ունի միակ ազդեցությունը, ունի ազդեցություն հավասարապես Ադրբեջանի ու Հայաստանի նկատմամբ, դրա վրա է կառուցում ՌԴ-ն իր քաղաքականությունը։
«Բայց պետք է անկեղծ լինել և ասել, որ ՌԴ-ն չունի այն ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ, ինչ պատկերացնում է։ Ռուս-թուրքական վերջին դաշնակցային գործընկերության հուշագիրն իրականում շփոթեցրեց շատ վերլուծաբանների, իրականում այն երկկողմ հարաբերությունների համար ոչինչ չի նշանակում։ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կառուցված է ավելի շուտ Շուշիի հռչակագրի ու Թուրքիայի հետ համատեղ շահերի վրա, քան Ռուսաստանի։ Այս առումով ճիշտ գնահատականը կօգներ Ռուսաստանին, քանի որ թուրք-ադրբեջանական շահերը նաև Ուկրաինայում են, և դա տեսանելի է»,- ասաց ռազմական վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահների կողմից իրավիճակը շտկելու մասին հարցին, ապա Ֆելգենգաուերն ասաց, որ խնդիրը ստեղծվել է այն պատճառով, որ Ռուսաստանի «գլուխը խառն է» Ուկրաինայում, և այն վերաճել է ավելի գլոբալ գործընթացի, ինչն ավելի մեծ ռեսուրս է պահանջում Ռուսաստանից։ Այս ֆոնին, նրա խոսքով, որևէ մեկը Մոսկվայում ժամանակ չունի Ղարաբաղի մասին մտածելու համար, ինչը, վերլուծաբանի որակմամբ, բնական և տրամաբանական հանգամանք է։ «Հայտարարել են, որ կմեծացնեն ներկայությունը, թե ինչի հաշվին դա կանեն, դժվարանում եմ ասել, թե արդեն իսկ ստեղծված իրավիճակն ինչպես կկարողանան լուծել, ևս բարդ է ասել, քանի որ Ադրբեջանն իր հերթին՝ բավականին համարձակ է դարձել, իսկ Ռուսաստանն Ուկրաինայի ֆոնին թուլացել է, խաղաղապահները, բնականաբար, կմնան, բայց խաղաղապահությունը պահպանելու համար Ռուսաստանից ավելի մեծ դիվանագիտական, ռազմական ռեսուրսներ են հարկավոր լինելու։ Ինչ-որ կերպ կլուծվի խնդիրը, բայց երկարաժամկետ առումով բարդ հարցեր կան լուծելու»,- ասաց նա։