Ինչպե՞ս Ասկերանի գյուղացիները կախաղան բարձրացրեցին դավաճան Շամիր բէկ Փիրումյանին
Հայոց պատմությունն ունի ինչպես փառավոր, այնպես էլ՝ ողբերգական էջեր։ Սակայն ցավալիորեն պետք է նշել, որ այդ էջերի կողքին շատ են նաև պատմական փաստերն ու տեղեկությունները հայ մարդու դավաճանության մասին։ Որքան էլ ցանկանանք այդ էջերը պոկել մեր պատմությունից, չի ստացվի։ Ցավալիորեն պետք է նշել, որ երբեմն մենք փորձում ենք շրջանցել այդ էջերն ու երեխաներին չտեղեկացնել մեր իսկ կատարած խայտառակ արարքների մասին, որոնց պատճառով էլ մեր քարտեզը դարերի ընթացքում փոքրացավ և մեր օրերում իսկ շարունակում է փոքրանալ։ Այս անգամ կանդրադառնանք Արցախում տեղի ունեցած մի դեպքի, որն իր ընթացքով ու միգուցե նաև հետաքրքիր ավարտով կարող է ուսուցողական լինել։
1918 թվականի հոկտեմբերի 15-ին Արցախի Ասկերանի շրջանում տեղի ունեցած իրադարձությունը տարածվեց ամբողջ Արցախում։ Շատերն իմացան, որ Հաղորդի գյուղում կախաղան է բարձրացվել Շամիր բէկ Փիրումեանը։ Սակայն դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությունը հասկանալու համար նախ պետք է գալ սկզբից․
«Ասկերանի աջ թևի (Վարանդայի) Քեաթուկ, Նախիջևանիկ և Փիրջամալ գիւղերի բնակիչները խիստ գրգռւել էին Շամիր բէկ Փիրումեանի (Նախիջևանիկ գիւղացի) դէմ, որ յաճախ յարաբերութեան մէջ էր լինում Աղդամի տաճկական պարէտի՝ Իսմայիլ Հակկի բէյի հետ։ Հայ-թրքական ընդհարման առաջին տարում, Շամիր բէկի մեծ եղբայրը՝ Հաթամ բէկը, անձնական թշնամութեան հետևանքով, սպանում է Քեաթուկգիւղացի Հայրապետ Սաղեանին։ Վերջինիս փոքր եղբայրը, Ալէքսանդրը, որպէս փոխվրէժ, սպանում է Հաթամ բէկին, որը յոխորտալից կեցւածք էր ունեցել, սպառնալիքներ կարդալով իւր անձնական հակառակորդներին։ Շամիրը, որ եղբօր, Հաթամի կենդանութեան օրոք նոյնպէս շատ համարձակ էր գտնւել, նրա սպանւելուց յետոյ իր կեանքն էլ վտանգւած է համարում, որովհետև, իրենց հերթին Սաղեաններն են սպառնում, որ անպատիժ չեն թողնի որևէ մէկին եթէ փորձ լինի փոխվրէժի, ուստի փախչում է, թուրքերի մէջ ապաստան գտնում և, ինչպէս խօսւում էր այն ժամանակ, սպառնալիքներ կարդում իր հակառակորդներին, թէ անպատասխան չի թողնի իւր եղբօր արիւնը թափածների արարքը։ Հայ-թրքական ընդհարումների ամբողջ տևողութեան, նա չի համարձակւում գալ իրենց գիւղը, իսկ ընդհարումները վերջանալուց յետոյ ցարական իշխանութիւնների հովանաւորութիւնն էր վայելում»։ (Հատվածը վերցված է Եղիշե Իշխանյանի «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքից։ Երևան, 1999 թվական, էջ 268)։
Սակայն Շամիրի քաջագործություններն Արցախում չէին ավարտվում այսքանով։ Նա կապ ուներ թուրք գողերի հետ և նրանց գողացած անասունները վաճառում էր հայ գյուղացիներին։ Զուգահեռաբար հայ գողերին ևս օգնում էր։ Հայերի գողացած անասունները վաճառում էր թուրքերին։ Շամիրին մի քանի տասնյակ անգամ տարել էին հարցաքննության, սակայն ունենալով թուրքերի հովանավորչությունն ու լինելով շատ ճարպիկ, ամեն անգամ կարողանում էր գտնել ելքն ու ազատվել բանտարկությունից։ 1909 թվականին նա Շուշիի բանտում էր, քանի որ թուրք ավազակների հետ կողոպուտ էր իրականացրել։ Սակայն նա հերթական անգամ ազատ է արձակվում։ 1910 թվականին կրկին նա բանտարկվում է կողոպուտի և սպանության հետևանքով, դատապարտվում, աքսորվում Սիբիր, սակայն ռուսական հեղափոխությունից հետո նորից վերադառնում Արցախ։ Արցախ վերադառնալուց հետո Ասկերանի մի քանի գյուղերի բնակիչներն արդեն իսկ անկարող էին տանել Շամիրի արկածախնդրությունը․
«Յեղափոխութեան պատճառած ուրախ տրամադրութեամբ համակւած լինելով, գիւղացիները հանդուրժող վերաբերմունք են ցոյց տալիս, հնարաւորութիւն ընձեռելով, որ Շամիրը խաղաղ աշխատանքով զբաղւի։ Մինչև տաճիկների մուտքը Ղարաբաղ, իրեն լաւ է պահում, զբաղւում է իր այգիներով ու վարելահողի աշխատանքներով և երբ մի անգամ Իսմայիլ Հակկի բէյի հրամանը բերում է Շուշի ու բանտարկւում մեր՝ առանց պահապանի բանտում, փախչում է բանտից և վախից դարձեալ ապաստանում իր բարեկամ թուրքերի մօտ։ Երբ տաճիկները խաղաղ մուտք են գործում Շուշի, իրենց իշխանութիւնը յայտարարում ամբողջ Ղարաբաղի վրայ, Շամիրը վերադառնում է իրենց գիւղը, իրեն ազատ զգում։ Օգտուելով ստեղծուած դրութիւնից, գիւղացիները բռնում են Շամիրին և ձեռքերը կապկպած ներկայացնում Վարանդայի հրամանատար Սոկրատ Մելիք Շահնազարեանին։
Վերջինս հրահանգում է, որ Վարանդայի բոլոր գիւղերից երկուական հոգի ներկայանան Հաղորդի գիւղ, իրենից կարևոր հրահանգներ լսելու համար։ Բոլոր գիւղերի երկուական ներկայացուցիչները իր ժամանակին գալիս են Հաղորդի գիւղը, որտեղ Սոկրատի կարգադրութեամբ կախաղան են բարձրացնում։ Եւ ինչպէս վկայում էին ներկայ գտնւողները, երբ թոկը քաշում են վեր, կտրւում է, և Շամիրը ընկնում է գետնին, ապա ժպտալով ասում․ «Պինդ քեանդիր (թոկ) չկա՞յ, որ փտած քեանդիրով էք կախում»։ Շամիրը կախւում է հոկտեմբերի 15-ին․ կատարւած ակտի մասին յայտնի է դառնում համայն Ղարաբաղում։ Այդ մասին տեղեկանում են և տեղացի թուրքերը, որոնք իրենց հերթին, հաղորդում են տաճիկներին»։ (Նույն տեղում՝ էջ 270)։
Սա ուղղակի մի փոքր դեպք է, պատմության անցյալում մնացած իրադարձություն, թե ինչպե՞ս էին մոտ 100 տարի առաջ հայ մարդիկ արձագանքում հայ մարդու կողմից իրականացվող խուլիգանությանը, դավաճանությանն ու թուրքերի հետ համագործակցությանը։ Մարդիկ այնքան գիտակից էին, որ կարողանում էին հստակ տարբերակել դավաճաններին։
Զ․ Շուշեցի