
Եկեղեցին կտրականապես դեմ է, չես կարող այլ բան անել, քանի որ լրիվ ուրիշ մակարդակի սկանդալ կլինի. Քաղաքաշինության դոկտորը՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու մասին

«Սա պատմական հզոր գործ է, ազգի գործ է, որը պետք է ամենալավը լինի»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին՝ հայտարարել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ հայ ազգը հանճարեղ մարդիկ ունի. արձանի կառուցումը պատմական է լինելու և դարերի պատմություն է ունենալու։
«Մեր ցանկությունն է, որ ընտրվի ամենագեղեցիկը և ամենահզորը։ Քանի որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, սա նույնպես մեզ մոտ պետք է լինի առաջինը։ Ազգովի համախմբվելով՝ անելու ենք ամենալավը։ Մենք ոչնչի առաջ չենք կանգնելու, Աստծու տված գործ է, և այն մենք իրականացնելու ենք»,- մարտի 23-ին ասել է Գագիկ Ծառուկյանը։
Մարտի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովում քննարկվել է Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը: Արձանագրվել է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել ևս՝ տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները:
Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.
«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ ներկայացված նախագծերն իրար շատ նման էին, կոնցեպցիայի տարբերություն չկար:
«Այսինքն, գաղափարական տարբերություն չկա: Ավելին, երբ հայտարարվեց մրցույթի մասին՝ մի շարք քահանաներ ասացին, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին: Եկեղեցու հորդորը չլսեց Ծառուկյանն ու շարունակեց իր ուղին ու մրցույթ հայտարարեց: Իսկ հիմա, երբ կրկին եկեղեցին իր դիրքորոշումը հայտնել է, այն է՝ կտրականապես դեմ է, չես կարող այլ բան անել, քանի որ լրիվ ուրիշ մակարդակի սկանդալ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ մասնակիցներին նորմալ ժամանակ չեն տվել, ավելին՝ ստացվում է, որ նրանք իզուր են վատնել ժամանակը:
«Սկզբում եկեղեցին ասաց, որ չի լինի, հետո նշեցին, որ առաջին հերթին՝ տեղանքը պետք է ընտրել, որ նոր նախագծեր ներկայացնեն: Նորմալ ժամանակ չտվեցին, նորմալ ժյուրի չհավաքեց: Կարելի էր այլ բան մտածել, օրինակ՝ Վիետնամում Աստծո ձեռքերն են, գեղեցիկ կամուրջ է կառուցված: Պարտադիր չէ՝ Հիսուս Քրիստոսը լինի: Հիմա, եթե այդ գաղափարի մրցույթն իսկական լիներ՝ ձեռքերը կլինեին և՛ մարդու կերպար, և՛ Աստծո ու մեր եկեղեցական սկզբունքներին չէր հակասի: Ավելին, դա կարող էին Էջմիածնում կառուցել: Կարող են նաև ժայռի վրա պատկեր ստանալ՝ փորելով, բայց, ցավոք, նման առաջարկ չեղավ: Գուցե քանդակագործներին խանգարեց նաև այն, որ հենց սկզբից ասվել էր, թե ինչպիսի՞ քանդակ են ուզում»,- նշեց քաղաքաշինության դոկտորը: