«Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով». Արման Թաթոյանի կոչը՝ միջազգային լրագրողներին
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով: Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից [ջեռուցումից ու տաք ջրից] զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն:
Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:
Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում»: