Ֆահրեթթին Ալթուն. «ԱՄՆ-ն պիտի առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե F-35-ները և թե Patriot-ները»

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնաբանել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբի Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդվածը, որը հրապարակվել էր ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քոլբն այդ հոդվածում առաջարկել էր Ռուսաստանից գնված համակարգերը փոխանցել Ուկրաինային՝ ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 կործանիչները, որոնց ծրագրից Վաշինգտոնն Անկարային դուրս էր թողել ՌԴ-ի հետ ռազմական գործարք կնքելու պատճառով:

Ի պատասխան Քոլբի առաջարկին՝ թուրք պաշտոնյան նշել է, որ մինչ նման բան առաջարկելը ԱՄՆ-ն պետք է Թուրքիային մատակարարի F-35 գերժամանակակից ամերիկյան կործանիչները, որոնց ծրագրից ըստ թուրք պաշտոնյայի՝ թուրքական կողմը հեռացվել է «անօրինական կերպով»։

Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան ի սկզբանե ցանկանում էր ԱՄՆ-ից ձեռքբերել «Patriot» ՀՕՊ համակարգեր, բայց Վաշինգտոնը հրաժարվել էր վաճառել: Ուստի նման իրավիճակում դժվար է լուրջ վերաբերվել ամերիկացի սյունակագրի առաջարկին:

«Նախևառաջ ԱՄՆ-ն պիտի առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե՛ F-35-ները և թե Patriot-ները»,-կարծում է Ֆահրեթթին Ալթունը։

Տեսանյութեր

Լրահոս