ՌԴ-ի համար հարավկովկասյան զարգացումները վերջին պլան են մղվել, և Ադրբեջանն օգտվում է իրավիճակից
Հարավային Կովկասում և հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակն օրեցօր սրվում է: Մեր տարածաշրջանը գլոբալ եռացող կաթսայից անմասն չի մնում, ավելին՝ այստեղ իրադարձությունները զարգանում են շատ ավելի արագ, այլ սցենարով, քան զարգացումներն ուկրաինական թատերաբեմում:
Մինչ ՀՀ իշխանությունները փորձում են բոլոր ուղղություններով ակտիվ հարաբերվել հավաքական Արևմուտքի հետ, փորձելով Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, Ադրբեջանը մեծացնում է ճնշումը, գործադրելով ճնշումների լայն գործիքակազմ Հայաստանի ու Արցախի նկատմամբ, թելադրելով 5 նախապայմաններ, խախտելով հրադադարը, առաջ գալով որոշ ուղղություններով, կրկին անջատելով գազն արցախցիների համար՝ գարնանը ոչ բնորոշ այս ցուրտ օրերին բնակչությանը զրկելով տաքանալու ու գազամատակարարումից կախված այլ կարևոր կենսապայմաններից:
Ադրբեջանի գազային ահաբեկչության առաջին փուլում ռուսական կողմը տեղյակ էր խնդրից, քայլեր էին ձեռնարկվում, խնդիրը կարգավորվեց մի քանի օրով, ապա կրկին գլուխ բարձրացրեց: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել էր. «Մենք տեղյակ ենք գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակից, այդ խնդիրը լուծելու համար կապի մեջ ենք երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է խուսափել քայլերից, որոնք խնդիրներ կստեղծեն խաղաղ բնակիչների համար և կվատացնեն առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը»:
Հատկանշական է, որ ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն թվիթերյան իր էջում անդրադարձել է ստեղծված իրավիճակին: Նա մասնավորապես գրել է. «ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման վերստին անջատմամբ: Շտապ անհրաժեշտ է վերականգնել մատակարարումը տեղի տուժած բնակչությանը»։ Նա կոչ էր արել իշխանություններին, որոնք վերահսկողություն ունեն, վերականգնել այն՝ հատկապես ներկայիս եղանակի պայմաններում:
Ի դեպ, ԵՄ ներկայացուցչի հայտարարությունում, Ստեփանակերտի հետ մեկտեղ, օգտագործվել էր, այսպես կոչված, Խանքենդի անվանումը:
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 22-ին հայտարարել է, որ ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: «Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։ Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։
Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը»,- ասված էր հաղորդագրությունում՝ կոչ անելով հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին՝ գտնում է. «Թշնամին փորձում է տարբեր նենգ, անմարդկային ձևերով կոտրել մեր ոգին, խարխլել հավատքը, մեր շարքերում սերմանել վհատություն, խուճապ և հուսալքություն»:
Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն տվյալ խնդրի վերաբերյալ իր մեկնաբանությունում ՀՀ-ին կոչ է արել չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դուրս բերել իր զորքերի մնացորդները ԼՂ-ից:
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին վերլուծելով տարածաշրջանում տեղի ունեցողը, «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ պարզորոշ է, թե ինչ նպատակով է Ադրբեջանը նման քայլերի դիմում: Ըստ նրա, միանշանակ է, որ Ադրբեջանն օգտագործում է աշխարհում ստեղծված իրավիճակը, որտեղ Ռուսաստանը բազմակողմանիորեն զբաղված է, ցանկանում է լուծել հակամարտության ռեգիոնում մնացած մի քանի հարցերը և այդ մասին խոսում է դիվանագիտական տեքստերով բավականին մատչելի, հասկանալի ձևով:
«Ադրբեջանն այսկերպ փորձում է լուծել կարգավիճակի հարցը, և Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը այդ մասին է խոսում: Փորձում է, եթե հաջողի, լավ կլինի Ադրբեջանի համար, եթե չհաջողվի, ապա կնստի բանակցային սեղան՝ որպես վերջին տարբերակ: Սա՛ է Ադրբեջանի տրամաբանությունը: Իսկ Ռուսաստանի իրավիճակը բավականին բարդ է, քանի որ գտնվում է պատերազմի մեջ, գտնվում է միջազգային մեկուսացման քաղաքականության թիրախում, որի ֆոնին ունենալով դիվանագիտական, քաղաքական, ռազմական ներկայություն Հարավային Կովկասում՝ Ռուսաստանը պետք է փորձի ավելի զգույշ գործել, քան երբևէ, պահելով բանակցային ֆորմատը կողմերի հետ:
Ուստի կարծում եմ, որ ռուսական կողմը տեղյակ է ու աշխատում է, սակայն Ադրբեջանը նաև օգտվում է իրավիճակից: Մյուս կողմից՝ կան Արևմուտքի փորձերը՝ կարգավորման գործընթացը տեղափոխել իրենց դաշտ, վերջին շրջանի թե՛ շփումները, թե՛ անդրադարձերն այս թեմային դա են նշանակում, որ Արևմուտքն այս դաշտում է՛լ ավելի է ակտիվանալու, սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որպես միջնորդ՝ գործունակ է մնում Ռուսաստանը, պարզապես այսօր կա հնարավորությունների խնդիր»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը խուսափում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով որևէ հարց քննարկել, հենց այդ պատճառով անցում է կատարել այս մարտավարությանը:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն իր հերթին՝ գտնում է, որ Ադրբեջանը փորձում է հասնել իր նպատակներին: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանային զարգացումներում անսպասելիություն չկա, ու դա պայմանավորված է այն հանգամանքով, որ չի հաջողվել պատերազմից հետո հասցեագրել և լուծել բոլոր չկարգավորված հարցերը:
«Միջազգային հարաբերություններում երկրները ցանկացած իրավիճակ փորձում են օգտագործել իրենց օգտին, այլ հարց է, որ գազը հումանիտար բնույթի խնդիր է: Ռուսաստանի համար այս պահին հարավկովկասյան զարգացումները վերջին պլան են մղվել, քանի որ Ռուսաստանի համար առաջիկա ապագա բոլոր զարգացումները բոլոր ռեգիոններում կախված են ուկրաինական իրադարձություններից: Ուկրաինայում աշխարհի և ռեգիոնների ճակատագիր է որոշվում: Այս իրավիճակում գուցե ՀՀ-ն իրավիճակային հանգուցալուծումը տեսնում է Արևմուտքի ավելի մեծ քաղաքական ներգրավման միջոցով, որը գուցե Արևմուտքը ողջունի, քանի որ ակտիվ աշխատում է եվրասիական գոտում:
Արևմուտքի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ մեծ չէ, ուստի ինչ գործիքներով է Արևմուտքը կարողանալու գոնե մասամբ տեղավորվել այս ռեգիոնի խնդիրներում՝ բարդ է ասել, քանի որ չկան այդ ակտիվ խողովակները և ազդեցության լծակները: Կարծում եմ՝ պատահական չէ, որ դիմում է հղվել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը կարող է որոշ խնդիրներ, նաև այս բնույթի, քննարկել, հատկապես, երբ խոսքը հումանիտար խնդրի մասին է: Անկախ այն ամենից, ինչ կատարվում է այլ գոտիներում, Հարավային Կովկասում իրավիճակները շարունակում են զարգանալ իրենց ավանդական տրամաբանությամբ՝ ճնշումներ, միջադեպեր, դիվանագիտական թերի աշխատանք, գերտերությունների շահերի բախում, որից տուժում են մարդիկ»,- ասաց նա: