«Ինչպես Սերժ Սարգսյանն իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով Ադրբեջանի փոխանցած 5 կետանոց առաջարկին և հայկական կողմի արձագանքին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականի մարտի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը բարձրաձայնել է Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, սակայն  այդ դիրքորոշման հրապարակման օրը երեկոյան Ադրբեջանը փակել է Արցախին մատակարարող գազատարը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Արարատ Միրզոյանի հարցազրույցից այն հատվածը, որտեղ նշում է առաջարկների վերաբերյալ հայկական կողմի կարծիքը.

«Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա.  այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի  բոլոր հարցերը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և, հետևաբար, այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»:

Գործադիրի ղեկավարը նկատել է, որ իրենց այս հայտարարությունից դժգոհ է նաև հայաստանյան արմատական ընդդիմությունը, որն իշխանություններին քննադատում է՝ տարածքային ամբողջականության սկզբունքը որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք ընդունելու համար:

«Այս քննադատությունն առավել քան տարօրինակ է, որովհետև 1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովից Երևան վերադարձած և տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան՝ բառացիորեն հայտարարել է. (մեջբերում եմ) «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք, և մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար» (մեջբերման ավարտ):

Նրանից հետո՝ Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը: Այնպես որ, այստեղ որևէ շահարկում տեղին չէ:

Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, և մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև ինչպես Սերժ Սարգսյանն իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս