Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի առաջարկներին համաձայն է, նույն օրը Ադրբեջանը փակում է գազատարը. Նիկոլ Փաշինյան
Կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթով անդրադարձավ Արցախում գազամատակարարման դադարեցման խնդրին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններով փորձում է շեղել խաղաղության օրակարգից.
«Տեղյակ եք, անշուշտ, որ գազատարի առաջին պայթյունից հետո՝ մարտի 10-ին, Հայաստանի Հանրաապետությանն է փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հինգ կետանոց առաջարկ: Մենք շատ արագ, մարտի 14-ին գրավոր արձագանքել ենք այդ առաջարկներին և դիմել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին՝ խնդրելով աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում:
Իսկ 2022 թ. մարտի 21-ին Հայաստանի ԱԳ նախարարը բարձրաձայնեց Հայաստանի ընդհանրական գնահատականն Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, իսկ այդ գնահատականը հետևյալն է՝ մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և, հետևաբար, այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»:
«Այս դիրքորոշման հրապարակման օրը երեկոյան Ադրբեջանը փակում է Արցախին մատակարարող գազատարը: Ուշադրություն դարձրեք՝ Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, և սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: