Աֆրիկայում առաջիկա շաբաթներին ցորենի և պարենի մի շարք տեսակների պակասություն կառաջանա. SABC

Աֆրիկայի երկները վտանգված են արդեն առաջիկա մի քանի շաբաթում ցորենի եւ մի շարք սննդամթերքի պակասություն ունենալու Ուկրաինայի հակամարտության պատճառով: Այդ մասին նախազգուշացրել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) եւ Աֆրիկայի մայր ցամաքի խոշորագույն բուհի աշխատակից Դիրկ Կոտցեն:

«Աֆրիկայի բազմաթիվ երկրներ ցորեն եւ այլ հացատիկներ են ներմուծում Ռուսաստանից եւ Ուկրաինայից,- մարտի 21-ին նրան մեջբերում է տեղական SABC ռադիոկայանը:- Մենք սպասում ենք ցորենի, ցորենի ալյուրի եւ դրա արտադրանքի պակասություն: Դրան հարկ է հավելել նաեւ նավթի գների շարունակվող աճը, ինչը սաստկացնում է գնաճը»:

Ռուսաստանը ցորենի խոշորագույն արտահանողն է աշխարհում, իսկ Ուկրաինան այդ շուկայում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, նշում է ռադիոկայանը:

Վերջին տարիներին նրանք համատեղ ապահովել են գարու համաշխարհային մատակարարումների 19 տոկոսը, ցորենի՝ 14 տոկոսը եւ եգիպտացորենի՝ 4 տոկոսը: Արդյունուքում ՌԴ-ին եւ Ուկրաինային է բաժին ընկնում հացահատիկների համաշխարհային արտահանման ավելի քան մեկ երրորդը:

Նրանց բաժինն արեւածաղկի ձեթի համաշխարհային արտահանման մեջ հասնում է 52 տոկոսի: Ռուսաստանը նաեւ գյուղատնտեսական պարարտանյութերի խոշորագույն արատդրողն ու արտահանողն է աշխարհում: Աֆրիկայի շատ երկրների իշխանությունները, որոնք ցորեն են ներմուծում Ռուսաստանից, արդեն հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների պահպանման դեպքում սպասում են ցորենի եւ դրանից մթերքների գների բուռն աճ: Որպես հետեւանք կտուժեն բնակչության ամենաաղքատ խավերը, որոնք իրենց եկամտի զգալի մասը ծախսում են սննդամթերքի վրա:

«Դրա հետեւանք կդառնա սովի խնդիրի սաստկացումն Աֆրիկայում»,- հայտարարել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովի (ՅՈՒՆԿՏԱԴ) գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը:

Աֆրիկայի երկրների թվում ռուսական ցորենի ներմուծումից մյուսներից ավելի կախված են Բենինը՝ ՌԴ-ից ցորենի 100 տոկոս ներմուծում, Սուդանը՝ մինչեւ 70 տոկոս, Ռուանդան, Տանզանիան, Մադագասկարը, Կոնգոյի Հանրապետությունը՝ մինչեւ 65 տոկոս յուրաքանչյուրը, Եգիպտոսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին՝ շուրջ 60 տոկոս:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ուգանդան, Նամիբիան, Տոգոն, Սենեգալը Ռուսաստանից ներկրում են ցորենի յուրաքանչյուր երկրորդ տոննան:

Ռուսաստանյան ցորենի խոշորագույն գնորդներ են Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մոզամբիկը, Քենիան, Մալավին, Կաբո Վերդեն եւ Սոմալին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս