Ի՞նչն է այդքան ոգևորել Ֆինանսների նախարարությանը

Հերթական վարկանիշի շնորհման շրջանակներում միջազգային վարկանշային գործակալություններից մեկը՝ ի դեմս «Ֆիթչի», որոշել է անփոփոխ թողնել Հայաստանի սուվերեն վարկանիշը։

Ի հայտ եկած բազմաթիվ նոր տնտեսական ու հատկապես ֆինանսական ռիսկերի պայմաններում, թե ինչպե՞ս է ստացվել, որ վարկանշային ընկերությունը որոշել է անփոփոխ թողնել իր նախկին գնահատականները, թողնենք մի կողմ։ Վաղուց հայտնի է, որ շատ հաճախ այդպիսի գնահատականներն առանձնանում են իրենց սուբյեկտիվությամբ և քաղաքականացվածությամբ։ Բայց համարենք, որ դա էլ նորմալ է։

Շատ ավելի տարօրինակ է մեկ այլ բան՝ Ֆինանսների նախարարության արձագանքը «Ֆիթչի» վարկանշման վերաբերյալ։ Իր պաշտոնական հաղորդագրության մեջ նախարարությունն ամեն ինչ արել է՝ թաքցնելու վարկանշային ընկերության կանխատեսումներն այս տարի Հայաստանի տնտեսության մեջ սպասվող զարգացումների, ակնկալվող տնտեսական աճի ու աճի նախկին կանխատեսումները կտրուկ վերանայելու և նվազեցնելու վերաբերյալ։

Փոխարենը՝ ջանք չեն խնայել զեկույցը դրական կողմերով ներկայացնելու և կառավարության գործունեության գովքն անելու համար։

Մինչ սպասվող տնտեսական աճի վերաբերյալ «Ֆիթչի« նոր կանխատեսումներին անդրադառնալը՝ մի հատված մեջբերենք նախարարության տարածած հաղորդագրությունից․ «Հաշվի առնելով տարածաշրջանային ներկա իրողություններով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը շատ դրական ազդակ է և փաստում է Հայաստանի իշխանությունների կողմից վարվող բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը»:

Հարց է առաջանում, այդ ո՞ր բարեփոխումների մասին է խոսում Ֆինանսների նախարարությունը՝ բացօթյա սրճարաներում ծխելն արգելելո՞ւ, թե՞ հանրային սննդի օբյեկտներում աղամանը թաքցնելու։ Կամ՝ ո՞րն է իրականացվող հուսալի մակրոտնտեսական քաղաքականությունը. այն, որ մեծ քանակությամբ պարտքեր են վերցրել, էապես ծանրացրել երկրի պարտքի բեռն ու համարում են, թե դրանով մակրոտնտեսական կայունություն են ապահովել։

Կառավարության իրականացրած այդ մակրոտնտեսական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ 2020թ. տարածաշրջանում ունեցանք ամենախորը տնտեսական անկումը և նույնիսկ մեկ տարի հետո, ի տարբերություն բազմաթիվ երկրների, չկարողացանք վերականգնել տնտեսության կորուստները։

Վերջին 2 տարիներին մեր տնտեսության միջին տարեկան աճը կազմել է -0,85 տոկոս։

Այսինքն՝ 2 տարվա արդյունքն անկումային է։

Սա՞ է այդքան հուսալի մակրոտնտեսական քաղաքականության արդյունքը։

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է նախարարությունը խուսափել կոնկրետ ցուցանիշներով ներկայացնել, թե ի՞նչ սպասումներ ուներ նախկինում «Ֆիթչը» Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ և ի՞նչ սպասումներ ունի հիմա։

«Չնայած ստեղծված իրավիճակի պայմաններում գործակալությունը կանխատեսում է 2022 թվականի համար ՀՀ տնտեսական աճի որոշակի դանդաղեցում՝ զեկույցն արձանագրում է 2023 թվականի համար տնտեսական աճի տեմպերի վերականգնման իր կանխատեսումները»,- հայտարարել է Ֆինանսների նախարարությունը։

Եթե սպասումը 5,3 տոկոսից 1,3 տոկոս նվազեցնելը տնտեսական աճի ընդամենը «որոշակի դանդաղեցում» կարելի է համարել, ապա ո՞րն է կտրուկ վերանայումը։

Հիշեցնենք՝ նախկինում «Ֆիթչը» Հայաստանում այս տարվա համար 5,3 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսել։ Հիմա որոշել է կանխատեսումը 4 տոկոսային կետով իջեցնել։

Այսինքն՝ սպասում է, որ տնտեսությունը կաճի ընդամենը 1,3 տոկոսով։

Աճի տեմպն ավելի քան 4 անգամով նվազեցվել է, ու սա Ֆինանսների նախարարությունը համարում է «որոշակի դանդաղեցում»։

Եվ վերջում՝ «Գործակալությունն արձանագրում է նաև քաղաքական կայունության փաստը և հաստատում, որ 2021 թվականին վերընտրված իշխանությունն ամրացնում է իր ձեռքբերումները»,- նշել է Ֆինանսների նախարարությունը։

Որո՞նք են ձեռքբերումները, որն այդքան ոգևորել է Ֆինանսների նախարարությանը։ Գուցե պարտքի ահռելի բե՞ռը։ Մեծ բան չէ պարտքեր վերցնելով՝ մակրոտնտեսական կայունություն ապահովել։ Կարճ ժամանակահատվածում իշխանությունները հասցրել են պարտքի ռեկորդային աճ ձևավորել ու էապես մեծացրել են երկրի ֆինանսական ռիսկը։

Միայն վերջին 2 տարվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 1,9 մլրդ դոլարով։ Աճը կազմել է 26 տոկոս։ Ու այդ ընթացքում տնտեսության աճը զրոյից ցածր է եղել։

Այդ քաղաքականության հետևանքով է, որ պարտքը դուրս է եկել օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափից, ու դատելով առկա նոր խնդիրներից՝ առաջիկայում այդ միտումը կարող է ավելի խորանալ։

Պարտքի այդքան ծանրաբեռնումն է պատճառը, որ «Ֆիթչը» դրանից թելադրված ռիսկեր է տեսնում։ Խոսքն առաջին հերթին արտարժույթով արտահայտված պարտքի ռիսկայնության մասին է։ Գործակալության գնահատմամբ՝ պարտքի մեջ մեծ է արտարժութային պարտքի տեսակարար կշիռը։

Վերջին տվյալներով՝ մեր երկրի պարտքն անցնում է 9,3 մլրդ դոլարը, որից արտարժութային պարտքը գերազանցում է 6,8 միլիարդը. շուրջ 6,3 միլիարդը կառավարության պարտավորություններն են, որոնք նստած են պետական բյուջեի վրա։

Երբ պարտքն ավելանում է, իսկ տնտեսական աճի սպասումները կտրուկ վատանում են, դա ինքնին լուրջ ռիսկ է պետության ֆինանսների համար։ Այդ ռիսկերը կան ու իրական են, անկախ նրանից՝ թե ինչ կասեն վարկանշային կազմակերպությունները։

Ի վերջո՝ տնտեսական զարգացումները շատ հաճախ նրանց գնահատականներով չէ, որ որոշվում են։ Եթե հավատալու լինենք վերջին տարիներին միջազգային վարկանշային գործակալությունների տված վարկանիշներին, ապա հիմա մեր տնտեսությունը պիտի լողար ներդրումների մեջ։ Բայց ինչպես տեսնում ենք, այդպես չէ։ Մի բան էլ՝ ներդրումները կրճատվել են։

Հիմա էլ հերթական ռիսկի տակ են՝ ինչպես ներդրումները, այնպես էլ՝ տնտեսական աճը։ Ու այնքան էլ էական չէ՝ միջազգային վարկանշային ընկերություններն անփոփո՞խ կթողնեն, կնվազեցնե՞ն, թե՞ կբարձրացնեն մեր երկրի սուվերեն վարկանիշը։ Փաստերը ցույց են տալիս, որ դրանից շատ բան չի փոխվում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս