Նվիրումը` անմահություն… Էրիկ Եղիազարյան
Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության անմահացան բազմաթիվ նվիրյալներ։ Նրանցից է Էրիկ Եղիազարյանը։
Էրիկ Էդուարդի Եղիազարյանը ծնվել է 2001թվականի օգոստոսի 9-ին, ՀՀ մայրաքաղաք Երևանում։ 2007թ. հաճախել է տեղի Խաչատուր Աբովյանի անվան համար 84 հիմնական դպրոցը։ 2013-2014թթ. եղել է «Պատանի երկրապահներ» խմբի անդամ։ 2018թ ուսումը շարունակել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամում։ 2020թ. Հունվարի 29-ին ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սանասարի ( Կուբաթլու) զորամասերից մեկում։
«Պատերազմի առաջին իսկ օրվանից Էրիկը տեղափոխվել է Ջրական, որտեղ տասնմեկ օր կատաղի մարտեր է մղել թշնամու դեմ` բազմիցս փրկելով զինակից ընկերների և կամավորականների կյանքեր, հակառակորդին պատճառելով մարդկային և նյութական մեծ կորուստներ։ Մարտական հմուտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել է վաշտը։ Նա բարության մարմնացում էր, հոգատար, ուշադիր, բոլորի մեջ միայն լավ գծերն էր նկատում։ Թև ու թիկունք էր լինում իր ծնողներին յուրաքանչյուր հարցում։
Երկու քույրերի փոքր եղբայրն էր, բայց, փոքր լինելով, իսկական վահան էր մեզ համար, ժայռի պես կանգնած էր մեր կողքին, երբեմն այնպիսի տպավորություն էր, որ ինքն է մեր ավագը։ Իր կյանքի 19 տարիների ընթացքում նա հասցրեց հասնել բազմաթիվ վերելքների»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հպարտորեն պատմել է հերոսի քույրը՝ Անին։
Էրիկ Եղիազարյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին` Մեխակավանի ռազմավարական հատուկ նշանակության բարձունքը թուրքական հատուկ ջոկատայիններից պաշտպանելիս։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։