«Թշնամին դիրքերն ամրացրել ու ինչ-որ «վիշկա» է դրել, դիրքերում տեխնիկա են աշխատեցնում». Շուռնուխի գյուղապետ

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահմանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը:

168.amՇուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց՝ արդյոք Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում եղե՞լ է, արդյոք նա այցելե՞լ է Շուռնուխ։

«Սուրեն Պապիկյանը գյուղ չի այցելել, հանդիպում չի եղել։ Երևակայեք, որ ես Պաշտպանության նախարարի հետ հանդիպելու ցանկություն չունեմ։ Ես հանդիպել եմ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, երբ նա նախարար էր, ամեն ինչ ներկայացրել եմ, բայց ոչ մի բան։ Սուրեն Պապիկյանը մինչև նախարար դառնալն այս ամենի ինչից տեղյակ էր, հիմա ինքն ի՞նչ պետք է անի՝ ոչ մի բան, դրա համար ի՞նչ իմաստ ունի նրա հետ հանդիպելը»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Շուռնուխի գյուղապետը դժվարացավ ասել, թե ինչո՞ւ Պապիկյանը չի այցելել գյուղ՝ տեսնելու, թե ինչպե՞ս են գյուղացիներն ապրում ուղիղ թշնամու նշանառության տակ։

«Երևի շատ լավ գիտի՝ ինչպես են ապրում, դրա համար հարկ չի համարել ավելորդ անգամ գալ ու որևէ բան ճշտել»,- հավելեց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է գյուղում տիրող ընդհանուր իրավիճակին, Հակոբ Արշակյանը փոխանցեց, որ իրավիճակը նույնն է, թշնամին իր տեղում սսկված նստած է, ագրեսիվ գործողությունների չի դիմել։

«Թշնամին չի կրակել, բայց աշխատանքներ է տարել ու իր դիրքերն է ամրացրել, ինչ-որ «վիշկա» են դրել, չգիտենք՝ ինչ է, երևի բջջային կայանի «վիշկա» է, դիրքերում տեխնիկա են աշխատեցնում։ Արդեն թիկունքից մայրուղի չեն մտնում, միայն 5 օր առաջ, ռուսական կողմի ուղեկցությամբ ջրի ցիստեռն տարան մեր ընդհանուր ճանապարհով։ Ինչ վերաբերում է մեր ճանապարհներին, ապա երթևեկում ենք Որոտան-Խոտ գյուղերով։ Այդ ճանապարհներով ամեն մեքենա չի կարողանում անցնել»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին թշնամին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ առաջ է եկել և դիրքավորվել, նրանք գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա են։ Թեև այս մասին ահազանգել էր Ներքին Հանդի գյուղապետը, սակայն ՊՆ-ից հերքել էին։

Տեսանյութեր

Լրահոս