Գևորգ Ալթունյանի գործառույթների և Պաշտպանության նախարարության՝ հորդորելու իրավունքի մասին
Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նախ հերքում է «սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել», ապա հորդորում է սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա:
Այո, տելեգրամյան ալիքների տեղեկությունները կարող են չհամապատասխանել իրականությանը, կամ համապատասխանեն մասնակի: Այո, լրատվամիջոցները չպետք է հիմնվեն զուտ սոցցանցային տեղեկության վրա:
Բայց սրա համար Պաշտպանության նախարարությունը, գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն առաջին հերթին պետք է պատասխանեն լրագրողների զանգերին, երբ նրանք դիմում են ստանալու իրականությանը համապատասխանող կամ պաշտոնական պարզաբանում:
Մի տեղեկություն, որը տեղավորվում է տեղեկատվություն ստանալու բանավոր հարցման կարգի տրամաբանության մեջ և չպետք է տրամադրվի ընտրովի:
Մի կողմ թողնենք, որ երբեմն հենց Պաշտպանության նախարարության պարզաբանումը չի համապատասխանում իրականությանը կամ հարցեր առաջացնում: Թվում էր, թե Պաշտպանության նախարարությունը պետք է դասեր քաղած լիներ 2020-ի պատերազմի օրերին տեղեկատվական սխալներից, երբ անհիմն սահմանափակումներ մտցվեցին լրատվամիջոցների դեմ՝ նպաստավոր դաշտ ստեղծելով սոցցանցային «լրագրության», օտարերկրյա լրատվամիջոցների գործունեության համար, որոնցից ոչ միշտ էր երկիրը շահում:
Հակառակը՝ բանակը գնալով ավելի է փակվում լրատվամիջոցների համար, և բացարձակ գոյություն չունի ՊՆ-լրատվամիջոցներ համագործակցություն՝ ի շահ երկրի, ոչ թե իշխանության:
Եվ ոչինչ, որ ուշացած ՊՆ-ն հուշագրային համագործակցություն էր մշակել, բայց կարևորը ոչ թե «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջի հարգումն է, հավատարմագրված լրագրողների իրավունքների պաշտպանությունը, և վերջապես սեփական խոստման, այլ շեֆերի հրահանգ-ցանկության կատարումը, և բացարձակ կարևոր չէ, որ դրանից երկիրն է տուժում, որ բանակի հանդեպ վստահությունը չի վերականգնվում:
Սուրեն Պապիկյանն ասել է՝ լրատվամիջոցների հետ չպետք է խոսել, ուրեմն՝ չպիտի խոսել, կամ նրանց՝ ում հետ խոսել կթույլատրվի:
Բայց նախկինների օրոք՝ 2016 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Ալթունյանը, բնականաբար, տեսել է, թե ինչ կերպ պետք է աշխատել լրատվամիջոցների հետ, ինչպես պիտի համագործակցել: Ի վերջո, լրագրողը բանակ-հասարակություն կապն ապահովողն է նաև: Գևորգ Ալթունյանը, բնականաբար, գիտի իր թղթի վրա ամրագրված իր գործառույթները և խնդիրները https://www.mil.am/hy/structures/49, բայց ամեն դեպքում հիշեցնենք դրանցից մի քանիսը:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հիմնական նպատակներն ու խնդիրներից են.
-բանակ-հասարակություն կապի ամրապնդումն ու զարգացումը,
-տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում պետական և ոչ պետական համապատասխան մարմինների ու կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության ձևավորումը և զարգացումը, փորձի փոխանակումը, համակարգված միջոցառումների իրականացումը,
-նախարարության համակարգի լրատվամիջոցներում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման կանխումը,
-բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը նպատակաուղղված աշխատանքների մշակումն ու կազմակերպումը, փոխվստահության մթնոլորտի ապահովումը,
-միջազգային փորձի կիրառմամբ, նպատակային ծրագրերի իրականացմամբ բանակի նկատմամբ հասարակական կառույցների քաղաքացիական վերահսկողության խորացմանն օժանդակելը,
-հասարակայնության լայն խավերի ընդգրկումով պետական տոներին ու զորատեսակների մասնագիտական օրերին նվիրված միջոցառումների կազմակերպումը և այլն:
Վարչության մի շարք գործառույթների շարքում նշված է.
-իրականացնում է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ընդլայնմանը նպատակաուղղված ծրագրեր,
-կազմակերպում և իրականացնում է Նախարարության համակարգի լրատվամիջոցներում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման կանխարգելմանը միտված միջոցառումներ, տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով ուսումնամեթոդական պարապմունքներ և այլն:
Նիկոլ Փաշինյանի պաշտպանության նախարարները խուսափել և խուսափում են լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց, չեն կազմակերպվել ամենամյա ասուլիս-հաշվետվություններ, ճգնաժամային, պատերազմական և ֆորսմաժորային օրերին լրատվամիջոցների ղեկավարների և ռազմական կամ հավատարմագրված լրագրողների հետ քննարկումներ և հանդիպումներ՝ բաց և փակ:
Եվ այսքանից հետո արդյո՞ք գործող իշխանություններն իրավունք ունեն լրագրողներին հորդորներ ուղղել և մեղադրել, որ օգտվում են ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկություններից:
Այո, պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, բայց սա չի նշանակում, որ բանակը կամ նախարարությունը պետք է ծառայեցնել զուտ կուսակցական շահերին և մեկ անձի ցանկությանը:
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որը 2016-ի հոկտեմբերի 3-ին նշանակվել էր ՀՀ ՊՆ, 2016-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ էր, նաև՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, բայց լրագրողների հարցերին պատասխանում էր:
Այնպես որ, սոցցանցային տեղեկատվության, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեղեկության տարածումը կանխելու կամ գոնե նվազեցնելու համար Պաշտպանության նախարարությունը պետք է սկսի նորմալ աշխատել լրատվամիջոցների հետ՝ ասուլիսներ, պարզաբանումներ, քննարկումներ, այցելություններ դիրքեր, զորամասեր:
Պաշտպանության նախարարությունը դա պետական ինստիտուտ է, և որևէ մեկի քմահաճույքը կամ ցանկությունը չի կարող որոշիչ լինել: Եթե Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խնդիր ունի լրատվամիջոցների հետ, որն անընդունելի է, իհարկե, բայց դա չպետք պարալիզացնի նախարարության այս դեպքում տեղեկատվական գործունեությունը:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ էր գրքեր գրում, բայց դա չէր խանգարում լրագրողների հետ պատշաճ համագործակցել և կատարել իր պարտականությունները, ուստի շատ լավ է, որ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը պիեսներ է հեղինակում, բայց նախևառաջ պետք է ՊՆ շրջանակում գործառույթները պատշաճ կատարել և լրատվամիջոցների հետ ճիշտ աշխատել, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակահատվածում և տեղեկատվական այսօրվա մարտահրավերների պայմաններում:
Նշենք, որ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին է հանձնվել «Առաքել» ներկայացումը, պիեսի հեղինակը Գևորգ Ալթունյանն է: