Բացահայտվել է համակարգչի օգտագործմամբ բուքմեյքերական ընկերությունների օգտատերերից հափշտակություններ կատարելու հանցավոր սխեման
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող ծավալուն քրեական գործով ապացույցներ են ձեռքբերվել կոնկրետ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, որոշակի սխեմայի կիրառմամբ, բազմաթիվ անձանցից զգալի չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես պարզվել է, որ Կ.Վ.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակությանը հանցակցելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Կ. Ս.-ի և Է.Ս.-ի հետ:
Հանցագործության կատարման նպատակով Կ. Վ.-ն համացանցում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարով, «K… V…» տվյալով և էլեկտրոնային փոստի միջոցով ստեղծել է «ADJ-PROMO» «ծուղակային»՝ «Phishing»-ային էջը, որը արտաքինից ձևավորել է «adjarabet.am» բուքմեյքերական կայքի տեսքով: Ծուղակային էջը, որպես գովազդ, տեղադրել է «lnstagram.com» սոցիալական կայքում, որը գովազդել է «adjarabet.am» բուքմեյքերական կայքի կեղծ ակցիաներ։
Գովազդվող ակացիաներից օգտվելու նպատակով «adjarabet.am» բուքմեյքերական կայքի խաղային հաշիվների օգտատերերը մուտք են գործել «lnstagram.com» սոցիալական կայքի «ADJ-PROMO» նույնականացման տվյալի անհատական էջ, դրանում առկա հղմամբ հասանելիություն ստացել ծուղակային՝ «ADJ-PROMO» կայքին, որտեղ մուտքագրել են իրենց անվամբ գրանցված կամ իրենց կողմից օգտագործվող «adjarabet.am» կայքի օգտահաշիվների մուտքանունը և գաղտնաբառը՝ այդ կերպ իրենց անձնական ու բանկային տվյալներին հասանելիություն ապահովելով Կ.Վ.-ի համար: Իրենց անհատական էջ նրանք, բնականաբար, մուտք գործել չեն կարողացել, և գովազդվող ակցիաները չեն տրամադրվել:
«Adjarabet.am» բուքմեյքերական կայքի օգտատերերի տվյալներն այդկերպ ստանալով՝ Կ.Վ.-ն խաղային օգտահաշիվների մուտքանունների, գաղտնաբառերի և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» կայքի՝ շուրջ 15 օգտատերերի խաղային հաշիվներին և դրանցում առկա գումարներից, ինչպես նաև` խաղային հաշիվներին կցված բանկային քարտերից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, 2021թ. մարտի 27-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հափշտակել է գումարներ՝ ընդհանուր 4.137.000 դրամի չափով:
Քարտային հաշիվներում առկա գումարները նա փոխանցել է իր կողմից տնօրինվող և կառավարվող խաղային հաշիվներին, այնուհետև՝ բանկային քարտերի, այդ թվում՝ իր և Է.Ս.-ի անվամբ թողարկված բանկային քարտերին: Ապա իրենց տվյալներով նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշիվների կամ խաղային պարտություններ կրելու եղանակով գումարները նա փոխանցել է իր կողմից կառավարվող և տնօրինվող այլ խաղային հաշիվների, որից հետո դրանք փոխանցել է իր և Է. Ս.-ի անվամբ թողարկված և նրանց տվյալներով նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշիվներին, այնուհետև՝ բանկային քարտերին:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Կ.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև Կ. Ս.-ին և Է. Ս.-ին:
Նախաքննության ընթացքում մեղադրյալ Կ.Վ.-ի կողմից հատուցվել է տուժողներին պատճառված վնասը, ինչպես նաև՝ վերջինս տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարածի համար և պատրաստակամություն հայտնել՝ օգնելու նախաքննությանը:
Դատախազությունից նշում են, որ հաշվի առնելով, որ նախաքննության տվյալ փուլում վերացել են մեղադրյալ Կ.Վ.-ի կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը և նրա պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում կարող է ապահովվել այլ խափանման միջոց, նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ մեղադրյալ Կ.Վ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նրանց գործողություններից այլ անձանց տուժելու հնարավոր այլ դեպքեր, ինչպես նաև՝ հանցավոր սխեմայում ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասն ներկայացնելով հանցագործների կողմից գործադրվող համակարգչի միջոցով հափշտակության հանցավոր մեխանիզմը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նպատակ է հետապնդում բարձրացնել հանրության իրազեկությունը և զգոնությունը՝ սեփական անձնական տվյալների, օգտահաշիվների մուտքանունների ու գաղտնաբառերի պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նկատառումով:
Դատախազությունից քաղաքացիներին կրկին հորդորում են ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյեկտներից ցանկացած եղանակով ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու, գրանցելու առաջարկներ ընդունելուց:
Միաժամանակ, բուքմեյքերական ընկերություններին կոչ են անում հաղորդակցային հնարավոր բոլոր միջոցներով իրենց օգտատերերի շրջանում պարբերաբար իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ իրենց ռեսուրսներից, ծառայություններից և ակցիաներից անվտանգ օգտվելու, անձնական, բանկային նույնականացման տվյալները պաշտպանելու նպատակով: