Ոչ հաց ենք ուզում, ոչ՝ ջուր, ոչ էլ՝ այլ բան․ միայն անվտանգություն. Սյունիքի Ծավ և Ճակատեն համայնքների բնակիչներն անհանգստացած են. «Փաստինֆո»

Կապան համայնքի մի շարք գյուղերի՝ այդ թվում Ծավի, Ճակատենի բնակիչները շուրջ երկու ամիս է՝ օգտվում են դեպի Կապան տանող այլընտրանքային ճանապարհից։ 2021թ․ նոյեմբերից հետո, երբ ադրբեջանցիները, ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք, այսպես կոչված, անցակետ ու մաքսակետ դրեցին Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի վրա, Կապան համայնքի Շիշկերտ, Ծավ, Սրաշեն, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերի բնակիչներն այդ՝ հիմնական ճանապարհից ընդհանրապես չեն օգտվում։ Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է՝ այլընտրանքային ճանապարհի որոշ հատվածներ դիտարկվում են թշնամու կողմից՝ մասնավորապես, Սրաշենով, Ներքին Հանդով անցնող հատվածները, բայց հարմարվել են, այլընտրանք չկա․ «Մենակ դա չի դիտարկվում, Հայաստանում այնքան ճանապարհներ կան, որ ադրբեջանցիների կողմից դիտարկվում են։ Դա արդեն նորություն չէ, ոչ էլ՝ բացառություն։ Կապանը հենց ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է»։

Կառուցվող այլընտրանքային ճանապարհի երկարությունը գրեթե նույնն է։ «Մոտ մեկ կիլոմետրով է երկար։ Հիմա գրունտային է, Ճակատենից մինչև Կապան 20 րոպեում ենք գնում, բայց որ ասֆալտապատվի, երևի 10-15 րոպեում կհասնենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանը։

Դեպի Կապան տանող հիմնական ճանապարհի հետ համեմատած՝ այլընտրանքայինը համեմատաբար անվտանգ են համարում թե՛ Ծավի, թե Ճակատենի գյուղապետերը, բայց, որ դիտարկվում է թշնամու կողմից, չեն ժխտում։

Անվտանգային խնդիրը միայն ճանապարհներին չէ, որ վերաբերում է։

Թե Հարությունյանը, թե Զաքարյանը միաբերան շեշտում են՝ բնակիչներին անհանգստացնող գլխավոր խնդիրն անվտանգությունն է։ «Ոչ հաց ենք ուզում, ոչ՝ ջուր, ոչ էլ՝ այլ բան․ միայն անվտանգություն լինի։ Խուճապ չկա, ճիշտ է, բայց մարդիկ անհանգիստ են»,-ասում է Ճակատենի վարչական ղեկավարը։

Այդուհանդերձ, Ճակատենում հաստատակամ են՝ ոչ մի կտոր հող անմշակ չպիտի մնա։ Հարությունյանն ասում է՝ այս տարի նաև սահմանին մոտ գտնվող մոտ 7-8 հա վարելահողն է մշակվելու, որն անցած տարի չէր մշակվել․ «Հակառակորդը պետք է տեսնի, որ մեր դաշտերն անտերության չեն մատնված։ Մոտ մեկ շաբաթ առաջ սկսել ենք գարնանացանի աշխատանքները։ Հիմա ձյուն է, հենց վեր կենա ձյունը, առաջին հերթին էդ սահմանամերձ հողակտորն ենք ցանելու»։

Ճակատենում հողագործությամբ զբաղվողների թիվը մեծացել է պատերազմից հետո, երբ անասպանահությամբ արդեն գրեթե անհնար էր զբաղվելը։ Պատերազմից հետո կտրուկ նվազել է անասունների թիվը։

«Մեկ տարվա մեջ բավականին շատ մարդիկ վաճառեցին իրենց անասունները, քանի որ անցնում էին հակառակորդի կողմը։ Այդպես 4 խոշոր եղջերավոր անասուն կորցրեցինք»,-ասում է Ճակատենի վարչական ղեկավարը։

Ծավում էլ ընդհանրապես անասնապահությամբ չեն զբաղվում, հողագործությամբ նույնպես քիչ են զբաղվողները։ Այստեղ, սակայն, խնդիրը արոտատեղիի ու վարելահողերի սահմանին մոտ լինելը չէ։ Մեր վարելահողերը տներից մոտ 15-20 կմ հեռու են։ Բացի այդ, ճանապարհներն անանցանելի են։ Որպեսզի կարողանանք մշակել, օգտագործել այդ հողատարածքները, պետք է ճանապարհները բարեկարգվեն, այլապես այնտեղ գյուղատնտեսական տեխնիկա չի կարող հասնել»,-ասում է Ծավի վարչական ղեկավարը։ Հատկապես հիմա, երբ Արցախի վարելահողերի մեծ մասը, Գեղարքունիքի և Սյունիքի վարելահողերի մի մասն էլ բռնազավթել է Ադրբեջանը, յուրաքանչյուր հեկտար օգտագործելու, ցանելու կարևորությունն ավելի է զգացվում։

Տեսանյութեր

Լրահոս