Զենքի գործադրմամբ խուլիգանություն սննդի օբյեկտում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ հանրային սննդի օբյեկտում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թվականի մարտի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում գտնվող հանրային սննդի օբյեկտում անհայտ անձը, անտեսելով հասարակական վայրում վարքագծի և մարդկային համակեցության կանոնները, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր մոտ գտնվող հրազենով կրակել է Քաղսի բնակավայրի 36-ամյա բնակչի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Հիշյալ 36-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացանի մեկ չկրակված փամփուշտ և մեկ կրակված պարկուճ, ինչպես նաև՝ արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները և սննդի օբյեկտում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, հանցագործության գործիք հանդիսացող հրացանը հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: