Բաժիններ՝

«Ո՞ր քաղաքացին է վերջին անգամ լսել այս կամ այն դեղատանը վաճառվող ժամկետանց դեղի մասին». Բաբկեն Պիպոյան

«Սպառողն ունի մի շարք հիմնարար իրավունքներ, որոնցից մեկը տեղեկացված լինելու իրավունքն է: Բայց մարդիկ ինչքան տեղեկանում, այնքան հասկանում են, թե մնացած իրավունքներն ինչքան շատ են օր օրի ոտնահարվում»,- ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Խոսքը նվազագույն կարիքների բավարարման, սպառողական ապրանքների ընտրության, այդ ոլորտում կրթություն ստանալու իրավունքի, վնասի փոխհատուցման, անվտանգության իրավունքի, առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի մասին է:

«Նվազագույն կարիքների բավարարում՝ ամենակարևոր բանը. կհիշեք օրեր առաջ մեր շուկայում առկա շոկը։ Ավելին, մենք դե ֆակտո ունենք հետևյալ հայտարարությունը՝ գնաճը գերազանցում է եկամուտների աճը, բայց կյանքը լավանում է: Այնինչ, երբ գնաճը գերազանցում է եկամուտների աճը, կյանքը, բնականաբար, վատանում է, սահմանափակվում է սպառողի ընտրելու իրավունքը, քանի որ սկսում է ընտրել էժան ապրանքների մեջ: Բնականաբար, նվազագույն կարիքների բավարարման հարցում է՛լ ավելի վատ վիճակում է հայտնվում: Էժան ապրանքն էլ իր հերթին բերում է անվտանգային խնդիրների, և սրանք շղթայական են: Ավելին, ո՞ր քաղաքացին է վերջին անգամ լսել այս կամ այն դեղատանը վաճառվող ժամկետանց դեղի մասին:

Ո՞ր քաղաքացին է լսել, որ այս կամ այն կոսմետիկ միջոցը վտանգավոր է իր առողջության համար: Ոչ թե մենք այդ խնդիրները չունենք, այլ չենք ստուգում, որ հասկանանք, որովհետև ստեղծել ենք մի համակարգ, որ ստուգողը նայում է այն թուղթը, որը որպես անվտանգության երաշխիք չի ծառայում, և դա գիտի ստուգողը: Միայն ներքին խաղացողներով ձվի շուկան մի տատանում ունեցավ ու մինչև հիմա խելքի չի գալիս: Պատկերացնո՞ւմ եք, մենք շուկաներ պետք է կարգավորենք՝ այն դեպքում, երբ դրսի խաղացողներն են մանևրում: Մենք անգամ ներսինը չենք կարողանում կարգավորել»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:

Նա ընդգծեց՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում տեսնում են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը լիազոր մարմինը հայտնաբերում է, սակայն մյուս կեսը մնում է:

Հավելենք, որ ամեն տարի մարտի 15-ը նշվում է՝ որպես Սպառողների իրավունքների միջազգային օր: Սպառողների իրավունքների օրը հարմարեցված է 1962 թվականին ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած Ջոն Քենեդու ելույթի օրվան։ Ամենաբարձր մակարդակով սահմանվել է սպառող հասկացությունը։ Ջոն Քենեդին սպառողների չորս հիմնարար իրավունք է առանձնացրել՝ տեղեկացված լինելու իրավունք, անվտանգության իրավունք, ընտրության իրավունք, լսելի լինելու իրավունք։

Ավելի ուշ նրանք բազմաթիվ երկրներում հիմք են դրել սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքին, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս