«Այս պահին իրավիճակը հանգիստ է, բայց չի կարելի ասել, որ խնդիրներ չկան». Արման Սարգսյան

Այսօր խորհրդարանում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերքեց տեղեկությունները, թե ադրբեջանցիներն առաջ են եկել Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։

«ՀՀ զինված ուժերը քայլեր են ձեռնարկում, որպեսզի կայունությունն ամրապնդվի։ Նորից ցանկանում եմ նշել, որ սա չի ենթադրում, որ հարձակման կամ մեր նկատմամբ ագրեսիվ վարքագծի դեպքում մենք ուղղակի ոչինչ չենք անելու։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, բայց չի կարելի ասել, որ խնդիրներ չկան։ Մեզ համար և՛ Սյունիքը, և՛ Արցախը անվտանգային խնդիրներ ունեն։ Մենք Արցախում ունենք հումանիտար խնդիր՝ կապված գազատարի հետ։ Ադրբեջանական կողմի հայտարարություններն ընդհանուր առմամբ խուճապային տրամադրություն տարածելու համար են, ընդհանուր առմամբ հայաթափմանը միտված քայլեր են։ Չեմ կարող ասել՝ խնդիրներ չկան, բայց մեր յուրային ստորաբաժանումները զգոն են, իրենք անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կիրականացնեն։ Ես Արցախի ուղղությամբ որևէ սադրանք չեմ կարող բացառել, որևէ պաշտոնյա չի կարող դա բացառել՝ կապված աշխարհաքաղաքական ընդհանուր իրադրության հետ՝ գուցե հնարավոր սադրանքներ ադրբեջանական կողմից ձեռնարկվի։ Սակայն վստահ կարող եմ ասել, որ մեր կողմից որևէ ագրեսիվ՝ սկսած հռետորաբանությունից, վերջացրած քայլերից, որոնք կարող են հանգեցնել որոշակի խնդիրների, չեն իրականացվում»,- ասաց Ա. Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկությունները, թե հայկական կողմը սադրանքների է դիմում, ապատեղեկատվություն է։

Արման Սարգսյանը չմեկնաբանեց հրթիռների գործով անցնող զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին փաստը՝ ընդգծելով, որ եթե մեկնաբանի, ապա դրանով կմտնի քրեադատավարական գործընթացի մեջ։

«Ինձ հուզում է մեկ բան, որ ՀՀ պաշտպանության նախարարության նախկին, նախկինի նախկին կամ ներկա որևէ պաշտոնյա, ի հաշիվ ՀՀ անվտանգության որևէ… Ես դատախազության, դատարանի ներկայացուցիչ չեմ, ոչ էլ քննիչ եմ։ Քննությունը ինչ պարզի, դա էլ կլինի ձեր հարցի պատասխանը»,- շեշտեց փոխնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս