Անվճար կրթությունից պետք է օգտվեն ոչ միայն պարտադիր ժամկետային զինծառայողները, այլև պայմանագրային անձնակազմը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այն վերաբերում է  զինծառայողների կրթության իրավունքի իրացմանը։

«Կարծում եմ՝ այստեղ որոշակի փոփոխություններ կատարելու պարարտ հող կա, ինչը հետագայում մեզ հնարավորոթյուններ է  տալու, որպես ֆունդամենտ՝ անել փոփոխություններ, որի մասին արդեն խոսել ենք։ Գործող օրենքը նախատեսում է, որ եթե մարտական խնդիր կատարելիս ժամկետային զինծառայողը ստանում է 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն, ապա նա այդ պայմաններում կարողանում է օգտվել անվճար կրթվելու իրավունքից։ Ես առաջարկել եմ, որ սա վերաբերի ոչ միայն պարտադիր զինծառայողներին, այլև պայմանագրային անձնակազմին, այդ թվում՝ սպաներին»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի ներկայացրած նախագծում երկրորդ փոփոխությունը վերաբերում է այն սպաներին, որոնք անցել են 20 տարվա ծառայությունը և գտնվում են թոշակի փուլում։

«Այստեղ մեր խնդիրը հետևյալն է, որ փաստացի ունենում ենք իրավիճակ, երբ կադրային սպան, ում 20 տարվա ծառայությունն արդեն ավարտվել է, և վաստակել է երկարամյա թոշակի իրավունք, սա տեղի է ունենում հիմնականում 37-38 տարեկան հասակում։ Քաղաքացիական կյանք մտնելու համար անհրաժեշտություն է նրանց ապահովել որոշակի պայմաններով, ինչը մի կողմից՝ հնարավորություն է նրանց կոնկրետ պահել երկրում, մյուս կողմից՝ ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանք ադապտացվեն քաղաքացիական կյանքին։ Մենք նաև պահեստազորի սպաների հետ ենք որոշակի քննարկումներ ունեցել։ Մեզ համար ակնհայտ  է, որ կան որոշակի խնդիրներ։ Համարում եմ, որ այս նախագծով որոշակի հիմքեր կստեղծվեն, որպեսզի մեր սպաները դրա հնարավորությունները ստանան»,- հավելեց պատգամավորը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս պահին բազա չունեն, որպեսզի հասկանան, թե քանի սպա է այս պահին սովորում, միայն գիտի մոտ 10 հոգու, որոնք հիմնականում սովորում են մարզերի բուհերում։ Իսկ մեկ սպա էլ, որը թոշակի է անցել, սովորում է  ասպիրանտուրայում։

Տիգրան Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ նախագծին Կառավարությունը տվել է  դրական եզրակացություն, նաև արել է որոշակի առաջարկներ, որոնց մի մասը պատգամավորի համար ընդունելի է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս