Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները կարող են հաջորդ շաբաթ արտահերթ հանդիպում անցկացնել Բրյուսելում. CNBC

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարները քննարկում են մարտի վերջին արտահերթ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել է CNBC հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով աղբյուրներ։

«ՆԱՏՕ-ի ղեկավարները քննարկում են հաջորդ շաբաթվա վերջին Բրյուսելում արտահերթ հանդիպում անցկացնելու հնարավորությունը»,- նշել է նա՝ վկայակոչելով մի շարք ամերիկյան եւ օտարերկրյա աղբյուրներ: Նրանց տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կարող են ժամանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

CNBC-ի լրագրողն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում առայժմ ընդունված չէ: Երկուշաբթի օրը NBC հեռուստաընկերությունը հայտնել է, որ Բայդենն առաջիկա շաբաթներին կարող է ուղեւորություն կատարել Եվրոպա՝ Ուկրաինայի շուրջ իրադրության քննարկման համար: Հաղորդվել է, որ այցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը կարող է այցելել Բրյուսել , որտեղ գտնվում են ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի կառավարող մարմինները:

Ավելի ուշ ճեպազրուցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացրել Եվրոպա նախագահի ուղեւորության հնարավորության առիթով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի որոշում է կայացրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Դրանից հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս