Ղազախստանում 230 մարդ է զոհվել հունվարյան անկարգությունների ժամանակ
Ղազախստանում 230 մարդ է զոհվել հունվարյան զանգվածային անկարգությունների ժամանակ: Այդ մասին հայտնել է գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովը:
«Ընդամենը երկրում հունվարյան իրադարձությունների ընթացքում զոհվել է 230 մարդ, այդ թվում՝ 19 զինվորական եւ ուժային»,- ասել է Ասիլովը՝ Մաժիլիսում հանդես գալով մարտի 14-ին տեղի ունեցած նիստում:
Նրա խոսքով՝ ամենից շատ մարդիկ զոհվել են Ալմաթիում՝ 139 քաղաքացի: Ավելի վաղ հաղորդվել էր 227 մարդու զոհվելու մասին:
«Այսօր հաստատվել է, որ վարչական շենքերի վրա գրոհները ետ մղելիս եւ իրավակարգի հաստատման ընթացքում վերացվել է 86 հարձակվող:
Պարզվում են 53 զոհվածների մահվան հանգանքները, նրանք հայտնաբերվել են քաղաքի տարածքում՝ տարբեր վերքեր ստացած, այդ թվում՝ 48-ը՝ հրաձգային, երկուսը՝ դանակի, երեքը՝ այլ վնասվածքներով ու այրվածքներով»,-ասել է նա:
Դրա հետ մեկտեղ Ասիլովը հայտնել է, որ «մյուս յոթ տարածաշրջաններում 63 հարձակվող ոչնչացվել է իրավակարգի, ոստիկանության, Ազգային անվտանգության կոմիտեի դեպարտամենտների ուժերով», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: