«Արարատ Միրզոյանը պետք է շատ ավելի զուսպ լիներ և այդքան կանխահաս խանդավառություն չցուցաբերեր». Հարութ Սասունյան
Ժպիտներ, ջերմ ձեռքսեղմում, սիրալիր շփումներ. հենց այսպես, 44-օրյա պատերազմից ընդամենը երկու տարի անց ՀՀ իշխանությունները հայ-թուրքական հարաբերություններում անում են հերթական քայլը:
Ի դեպ, Արարատ Միրզոյանն վերջին տասը տարում առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, որ մեկնել է Թուրքիա: Մինչ այդ 2008 թվականի սեպտեմբերին Հայաստան այցելած Թուրքիայի նախագահի Աբդուլահ Գյուլի հրավերով 2009-ի հոկտեմբերին ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում այնտեղ էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը 168.am-ի հետ զրույցում արձանագրում է՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումը հնարավորություն էր, որով Թուրքիան փորձում էր ներկայանալ քաղաքակիրթ աշխարհին, իսկ Հայաստանը Թուրքիայի համար՝ ընդամենը միջոց:
«Անշուշտ, շատ վաղաժամ է այսպիսի սիրալիր հանդիպումների համար՝ նաև այն պատճառով, որ Թուրքիան այս վեհաժողովը կազմակերպել էր իրեն հավելյալ կարևորությունը տալու, այլ երկրների վրա դրական տպավորություն թողնելու համար, և Հայաստանն այս վերջին պատերազմից հետո, թուրքական ռազմական մասնակցությունից հետո, ամենավերջին երկիրը պետք է լիներ, որի միջոցով այսպիսի դիվիդենտներ շահեին:
Ես չգիտեմ, թե ինչ են խոսել իրար հետ Արարատ Միրզոյանը և Մևլութ Չավուշօղլուն, բայց շատ մեծ ակնկալություններ չունեմ՝ նկատի ունենալով պարոն Միրզոյանի անփորձությունը դիվանագիտական աշխարհում: Նաև՝ այդ չափազանց ուրախ ձեռքսեղմումը և մեծ ժպիտը դեմքին դա էլ շատ անհարմար է, որովհետև նկատի ունենալով, թե ում հետ է իր գործը, պետք է շատ ավելի զուսպ լիներ և այդքան կանխահաս խանդավառություն չցուցաբերեր»,- ասաց ամերիկահայ գործիչը:
Ի պատասխան հարցին, թե այս ժամանակահատվածում ո՞ր պարագայում է հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, նա նկատեց. «Ժամանակը շատ վատ ժամանակ է, որովհետև նոր է, որ Հայաստանը ջախջախիչ պարտություն կրեց Թուրքիայից և Ադրբեջանից, և հիմա այսպիսի պարտվողական հոգեբանական վիճակում դժվար է այսպես շատ ինքնավստահ քայլեր անել և հասնել ի նպաստ Հայաստանի որոշումների:
Հաջորդը՝ վարչապետը մի բանագնացի է նշանակել՝ Ռուբեն Ռուբինյանին, որն անփորձ է և չգիտի, թե ինչպես բանակցել խորամանկ թուրք փայլուն դիպլոմատի՝ Սերդար Քըլըչի հետ։ Երբ նստում են բանակցությունների՝ մի կողմից՝ Ռուբինյանը, մյուս կողմից՝ Քըլըչը, ես դա նմանեցնում եմ մի գառի ու մի գայլի հանդիպմանը, որի արդյունքը հստակ է՝ ինչ է լինելու»:
Հարութ Սասունյանը դեմ չէ Թուրքիայի հետ բանակցություններին, եթե Հայաստանի կողմից բանակցողը փորձառու լինի:
Հետաքրքրական է նաև այն, որ հայ-թուրքական մեկնարկած գործընթացի վերաբերյալ Հայաստանի իշխանությունները շրջանցում են Սփյուռքի տեսակետը:
Դեռ հունվարին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկացրել էր՝ Հայաստանի Հանրապետությունը մանդատ չի ստանձնում հայ-թուրքական հարաբերություններում խոսել նաև հայկական Սփյուռքի անունից։
Անդրադառնալով հարցին, թե՝ հնարավո՞ր է արդյոք՝ Հայաստանը հրաժարվի Հայ դատից և, ընդհանրապես, սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին, պատրա՞ստ է արդյոք Հայաստանը ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և Կարսի պայմանագրով հաստատված սահմանները, Նիկոլ Փաշինյանն ասել էր․
«Գիտեք, հարցեր կան, որոնք իսկապես շատ տարօրինակ են. ինչո՞ւ, որովհետև ՀՀ-ն երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել, երբե՛ք: Ավելին՝ օրինակ, 2005թ․ Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ և տարածքային հավակնություններ չունի:
Եվ, ըստ էության, այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ Հայ դատը երբեք ՀՀ քաղաքականություն չի եղել, և ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Դուք չեք գտնի ՀՀ ոչ մի ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել Հայաստան-Թուրքիա սահմանը: Եվ մենք էս քաղաքականությունից չենք հրաժարվել:
Երկրորդ խնդիրը Ցեղասպանության ճանաչման խնդիրն է, որի վերաբերյալ մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք Կառավարության ծրագրում: Եվ, իմիջիայլոց, էդ էլ եմ ուզում արձանագրել, որ, այնուամենայնիվ, պիտի արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը… ի վերջո, պետք ա խոստովանել, որ էդ գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել է Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները»:
Թե ինչ աղբյուրներ է մատնանշում Փաշինյանը՝ Քոչարյանի ու Սարգսյանի դիրքորոշման մասին հիշատակելիս, անհասկանալի է. 2005թ․ հանրայնացվել էր ՀՀ երկրորդ Նախագահի պատասխան նամակը՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որում նա հստակ նշում էր․ «Աշխարհում, մասնավորապես՝ եվրոպական մայրցամաքում կան հարևան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, ինչի վերաբերյալ տարակարծիք են, սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում, ու այդ բոլորով հանդերձ՝ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը: Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային ու ապագային»։
Ինչ վերաբերում է արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տարածքային պահանջներ չունենալու մասին հայտարարություններին՝ բավական է հիշեցնել 2009-ի հոկտեմբերի 10-ին՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման Սերժ Սարգսյանի արած ուղերձը, որում նա, մասնավորապես, վստահեցնում է․
«Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է և պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից: Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ։ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման՝ միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»:
Այս իշխանությունների կողմից մեկնարկած գործընթացի վերաբերյալ ցայսօր սփյուռքահայության ձայնը չլսելու քաղաքականության մասին Հարութ Սասունյանը հակիրճ է անդրադառնում.
«Վարչապետը մերժում է որևէ խորհուրդ լսել. իրեն թվում է՝ ինքն ամեն ինչ գիտի և միայնակ որոշում է ամեն ինչ: Եթե իմանար իր անելիքը, ես խնդիր չէի ունենա, որ միայնակ որոշում կայացնի, բայց թե՛ չի իմանում, և թե՛ չի հարցնում. դա ամենից վատ տարբերակն է»:
«Անշուշտ, պետք է խորհդակցի Սփյուռքի հետ, որովհետև Սփյուռքն ուղղակի ժառանգն է Ցեղասպանության, հայրենազրկման, և Սփյուռքը շատ ասելիք ունի Թուրքիայի հետ հարաբերություններ մշակելու վերաբերյալ, բայց ես չեմ զարմանում, որ Սփյուռքին չի լսում, երբ չի լսում նաև երկրի ներսում որևէ մեկին»,- եզրափակեց սփյուռքահայ գործիչը: