Ի՞նչ հետևանքներ կունենա ՌԴ նավթի համար սահմանված ամերիկյան էմբարգոն

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել է ռուսական նավթի ներկրումը, իսկ որպես հետևանք՝ որոշումից անմիջապես հետո ոլորտն արձանագրել է Brent տեսակի նավթի թանկացում:

Ի դեպ, փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ այս արգելքին կմիանա նաև Մեծ Բրիտանիան:

Այդուհանդերձ, կարևոր է շեշտել, որ ռուսական նավթի հիմնական արտահանման շուկան Եվրոպան է, իսկ Եվրոպան չի շտապում կտրուկ քայլերի դիմել այս ուղղությամբ:

Փորձագիտական շրջանակներն արձանագրում են՝ ռուսական նավթի ներկրման արգելքը կարող է զգալի հետևանքներ ունենալ ԱՄՆ տնտեսության համար՝ բարձրացնելով էներգակիրների գները: Իսկ թե այս արգելքն ի՞նչ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության ու նաև ՌԴ-ի հետ տնտեսական բարձր ինտեգրման աստիճան ունեցող երկրների համար, 168.am-ի հետ զրույցում մանրամասնել է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

«Եկեք ֆիքսենք, որ խոսքն ընդամենը վերաբերում է ամերիկյան շուկային: Ինչ վերաբերում է եվրոպական շուկային, ապա այնտեղ մատակարարումները շարունակվելու են: Ի դեպ, որոշումը կայացնելուց ժամեր անց Սպիտակ տունը հայտարարեց, որ ըմբռնումով է վերաբերվում հանգամանքին, որ Եվրոպան շարունակելու է ռուսական ածխաջրածիններ ներկրել՝ հաշվի առնելով ուղիղ կախվածությունը և այն, որ Եվրոպան մեկ ակնթարթում չի կարող նվազեցնել ներկրման ծավալները»,- ասաց փորձագետը՝ նկատելով, որ ԱՄՆ հերթական տնտեսական պատժամիջոցի համար որոշիչ են եղել նաև Վենեսուելայից նավթի ներկրումը վերականգնելու ուղղությամբ տարվող քայլերը:

Վահե Դավթյանը համոզված է՝ ՌԴ-ն թեև ժամանակավորապես կկորցնի ԱՄՆ շուկան, սակայն դա նաև հնարավորություն կստեղծի այդ ծավալով նավթն ու նավթամթերքը որոշակի դիսկոնտներով ուղղել այլ, օրինակ, ասիական շուկաներ:

«Երեկվա դրությամբ արդեն տարբեր թրեյդերներ ռուսական նավթը շուրջ 30 տոկոս դիսկոնտով վաճառում էին ասիական շուկաներում. այսինքն՝ այստեղ կատաստրոֆիկ հետևանքների սպասել պետք չէ»,- հավելեց նա:

Այս իրավիճակն ինչպիսի՞ ազդեցություն կունենա հայաստանյան շուկայի վրա, արդյո՞ք ռուսական էներգակիրների շուկայի կրճատումը կհանգեցնի սակագների բարձրացման՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահը մի քանի դիտարկումներ արեց. «Գազի ոլորտում թանկացումներ չեն լինի, որովհետև եթե խոսում ենք ՀՀ-ի մասին, ապա մենք, բարեբախտաբար, ՌԴ-ից բնական գազ ձեռք ենք բերում ոչ թե սփոթային գներով, այլ երկարաժամկետ պայմանագրային. ռիսկային գոտում հայտնվել են սփոթային շուկաները:

Ինչ վերաբերում է նավթամթերքին՝ այստեղ կարևոր է հաշվի առնել հետևյալ հանգամանքը՝ Ռուսաստանում շարունակաբար անկում է ապրում բենզինի, առհասարակ, նավթամթերքի գինը, քանի որ հատկապես դիզվառելիքի արտահանման հնարավորությունները փոքր-ինչ նվազել են, ներքին շուկայում ավելցուկ է ձևավորվել, և ավելցուկն էլ իր հերթին՝ բերում է գնի նվազեցման: Հաշվի առնելով այն, որ Հայաստան ներկրվող դիզվառելիքի շուրջ 90 տոկոսը գալիս է ՌԴ-ից՝  չեմ բացառում, որ այս միտումներն ինչ-որ մի պահի կարող են դրսևորվել նաև այստեղ։ Այսինքն՝ դրա հնարավորությունը տեսականորեն կա: Սակայն ինչո՞ւ եմ նշում՝ «տեսականորեն», քանի որ մեր շուկան և, մասնավորապես, նավթամթերքի շուկան շատ անկախատեսելի է, գործում է կարտելային համաձայնության սկզբունքով, և չգիտեմ՝ իրենց ինչպես կդրսևորեն ներքին խաղացողները:

Գուցե նույնիսկ հակառակը՝ օգտվելով տեղեկատվական մեծ հոսքերից, անորոշությունից, գնան գների շարունակական բարձրացման ճանապարհով՝ օգտվելով այն պատճառաբանությունից, թե ամբողջ աշխարհում գինը բարձրանում է»:

Տեսանյութեր

Լրահոս