Էդուարդ Աղաջանյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մե՞ջ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հացահատիկի պաշարների մասին տվյալները համարել է գաղտնի և հրապարակման ոչ ենթակա՝ չպատասխանելով հարցին՝ արդյոք հացահատիկի ներկրման առումով ռիսկեր կա՞ն Հայաստանի համար, և հնարավո՞ր է` հացի գնաճ լինի։

«Հացահատիկը բազմապիսի ռիսկերից մեկն է, որը կարող է բխել ռուս-ուկրաինական ճգնաժամից։ Ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում հենց հացահատիկի վրա։ Կան այլ խնդիրներ, միգուցե ավելի կարևոր և ռիսկային, քան հացահատիկը»,- արձագանքել է Աղաջանյանը։

Էդուարդ Աղաջանյանը կամ չի հետևել 2020-ի մարտի 19-ի Կառավարության նիստին, կամ մոռացել է այդտեղ իրենց առաջնորդի ելույթը, երբ մանրամասն ներկայացվում էին երկրի պաշարները:

«Սննդի բավականին լավ պաշարներ ունենք. շաքարավազ` 201 օրվա, սա՝ երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի միս` 64 օրվա, ձեթի 38 օրվա պաշար ունենք: Բայց միևնույն ժամանակ՝ իմ ձեռքի տակ տեղեկանք կա, որ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում` 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, և այդպես շարունակ` արևածաղկի, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ` կարտոֆիլ: Լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով` բենզինով և դիզելային վառելիքով: Եվ հիմա ներմուծվում է»,- հայտարարել էր Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում այդ ժամանակ ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը նշել էր, որ սննդային և այլ ռեսուրսների պաշարի մասին «գաղտնազերծումները» խնդրահարույց են:

«Երկրի սննդային և այլ ռեսուրսների պաշարը կառավարության նիստում բացահայտ հայտարարելն արդյո՞ք պետական կամ գոնե ծառայողական գաղտնիքի խախտում չէ, արդյո՞ք սրանով վտանգի տակ չի դրվում մեր անվտանգությունը, երբ, օրինակ, թշնամին ուղղակի կարող է դնել և հաշվարկել մեր ամրությունը… Իրականում պաշարված ամրոցի սկզբունքն է, երբ հակառակորդը պաշարում է մի ամրություն և նպատակ ունի այն գրավել սովի միջոցով, ամրության ղեկավարն ամեն ինչ անում է, որ պաշարողի մոտ վստահություն ստեղծվի, թե ինքը սնունդ շատ ունի, թեկուզև սնունդ մնացած է լինում շատ քիչ: Նման դեպքեր պատմության ընթացքում շատ են եղել, օրինակ, Նիկայի 978թ. պաշարման ժամանակ»,- շեշտել էր Հակոբյանը:

Հարցին` մեր թշնամին կոնկրետ ի՞նչ քայլերի կդիմի, արդյո՞ք սահմանային սադրանքների և լարվածության կգնա, ռազմաքաղաքական վերլուծաբանը հաստատել էր` այո՛, բայց ոչ միայն:

«Օրինակ՝ կուժեղացվի բլոկադան։ Սա ինչ-որ առումով տեսական վտանգ է, բայց այն կարող է նաև գործնական տեսք ստանալ, երբ, օրինակ, Թուրքիան, կոպիտ ասած, բզբզի կամ հրահրի Իրանի քրդերին և Թավրիզի կողմից փակի մեր ճանապարհը, իսկ Վրաստանում էլ հրահրի, օրինակ, Մառնեուլի թաթարներին: Ավելին, այս «գաղտնազերծումը» բանակցությունների ժամանակ նեղացնում է բանակցողի մանևրելու հնարավորությունը, վստահ տոնով խոսելու: Էրդողանը, որոշակիորեն պարզունականացված, առիթի դեպքում ասելու է` ինքդ ես ասել, որ 3 ամսվա բենզինի պաշար ունես, 2.5 ամիսն արդեն անցել է, ո՞ւմ ես խաբում, և այլն: Այս վտանգները պետք է հասկանալ»,- շարունակել էր մեր զրուցակիցը:

Այսինքն, իրապես երկրի նյութական պաշարների հրապարակայնացումը իր մեջ գաղտնիության էլեմենտներ է պարունակում, խնդիրն այն է, որ այդ գաղտնիքը և ոչ միայն այդ գաղտնիքը խախտվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված է, թե ռազմական, տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում որ տեղեկություններն են համարվում պետական գաղտնիք, տնտեսության մասով, մասնավորապես, նշված է.

«….Պետական նյութական պահուստների փաստացի չափերի և դրանց տեղաբաշխման մասին»:

Ի դեպ, նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալները իշխանության ներկայացուցիչները համարում են պետական գաղտնիք պարունակող:

Մի նման դեպք էլ արձանագրվել էր 2021-ի հոկտեմբերի 20-ին. ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում զորքերի կահավորվածության, դիրքերի քանակի և նմանատիպ այլ հարցերը համարել էր հրապարակման ոչ ենթակա:

«Զորքերի կահավորվածության, դիրքերի քանակի, հեռավորության և նմանատիպ այլ հարցերը կանոնակարգվում են պետական գաղտնիքի մասին օրենքով, և եթե չեմ սխալվում, 1998թ. կառավարության համապատասխան որոշում կա»,- ընդգծել էր նա:

168.am-ը այդ ժամանակ ևս հիշեցրել էր Նիկոլ Փաշինյանի այս առնչությամբ «վրիպումները»:

2021-ի մայիսի 5-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Արման Սարգսյանի մատնանշած գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հենց ինքն էր բացահայտ հայտարարել՝ բանակի հետ կապված՝ հրապարակելու է գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն:

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-2020 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ,- գաղտնազերծել էր նա և անցել զինատեսակների թվաքանակի ներկայացմանը,- Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Իսկ 2020 թվականի մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հանրայնացրել էր մարտական նոր դիրքերի թիվը:

«Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական (կրակային) դիրքեր։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր՝ ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական (կրակային) դիրքեր և հենակետ, մշտական ջրով՝ 235, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող 330 վահանակներ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով»,- ասել էր նա:

Հավելենք, որ անցած տարվանից 168.am-ը շարք է սկսել, որի շրջանակում ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակային ելույթները, ուղերձներն ու ժողովրդին ուղղված կոչերը, հարցազրույցները, որոնցում կարելի է գտնել պետական գաղտնիքի մասին օրենքի խախտումներ:

Ի դեպ, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եղել են նաև ռազմական պլանները նախապես հրապարակայնացվելու դեպքեր:

Տեսանյութեր

Լրահոս