«Հայաստանում մշակույթը ետ է մղվել, իսկ անմշակույթ երկիրը ոչ մեկին պետք չէ». Ռոման Մուշեղյան
Մարտի 1-ին մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը: Նա պրեմիերայից օրեր առաջ մեկնել էր Ուկրաինա, քանի որ ֆիլմի ամբողջ փոսթ-փրոդաքշնի աշխատանքները տեղի են ունեցել Կիև քաղաքում, և պատերազմի ընթացքում մի կերպ է կարողացել վերադառնալ Հայաստան:
ԱՄՆ-ում ապրող ռեժիսորը մեկնում է Կիև, որպեսզի ավարտին հասցնեն ֆիլմը. «Արդեն 10 օր աշխատանքները շարունակվում էին, հասել էինք վերջնական փուլին, երբ պետք է թողարկվեր ֆիլմի վերջնական տարբերակը, սկսվեց առաջին ռմբակոծությունը Կիև քաղաքի վրա: Մենք չէինք պատկերացնում, որ այդպիսի մեծ մասշտաբի կհասնի ամեն ինչ:
Առավոտյան ժամը 5-ն էր, օֆիսում նստած աշխատում էինք դեռ, մեկ օր էր մնացել, որ DCP-ն տպվեր, և փետրվարի 24-ին վերադառնայի Հայաստան, ու միանգամից լուրերը տարածվեցին, որ ռուսները շրջապատել են քաղաքը: Քաղաքից դուրս գալու ճանապարհ դեռ կար, բայց ֆիլմը դեռ պատրաստ չէր, և չէի կարող ուղղակի ֆիլմը թողնել և դուրս գալ:
Տոմսս հետաձգելուց առաջ իմացանք, որ օդանավակայաններն արդեն ռմբակոծվել են, և միակ ճանապարհը ցամաքով երկրից դուրս գալն էր: Այդպես 2 օր էլ սպասեցի, մինչև ավարտին հասցրինք, հետո հասկացա, որ պրեմիերային գուցե չհասնեմ, փորձեցինք ֆիլմն օնլայն ուղարկել, սպասեինք՝ մինչև հասավ Հայաստան:
Այդպես, 4 օր շարունակ մնացի ճանապարհներին, Կիևից մի կերպ հասա կողքի քաղաք, հետո մի ամբողջ օր գնացքները բաց թողեցի, որովհետև միայն կանանց և երեխաներին էին վերցնում, նաև՝ մի տեսակ դու քեզ վատ էլ ես զգում անգամ փորձ կատարել՝ մտնել գնացքի մեջ:
Ուկրաինացի աղջիկների խմբի հետ ծանոթացա, փորձեցինք վարձել վարորդի, որը մեզ կհասցներ Լվով: Բարիկադները շրջանցելով, պայթյունների միջով հասանք Լվով, Լվովից՝ դեպի սահման, սահմանից 8 կմ ոտքով քայլելով՝ Լեհաստանի սահման, հերթեր, կուտակումներ, հասանք Լեհաստան, այնտեղից՝ Գերմանիա, Գերմանիայից Հայաստան հասա պրեմիերայի օրվա առավոտյան»:
Պատերազմի մասին ֆիլմը պատերազմական իրավիճակում ավարտին հասցրած ֆիլմի ռեժիսորի կարծիքով՝ «Գարուն ա» ֆիլմի ուղերձները քննադատող մարդիկ գուցե սխալ են հասկացել դրանք:
«Գարուն ա» ֆիլմի ռեժիսորական և դերասական աշխատանքի վերաբերյալ կարծիքները միանշական դրական են, ինչը չի կարելի ասել ֆիլմի մեսիջների մասին, ավելին՝ շատերը հստակ քաղաքական գնահատականներ տեսան, որոնք մինչ օրս ապացուցված չեն, օրինակ՝ բանակի թալանի, հայկական հետախուզության վատ աշխատանքի և այլնի վերաբերյալ:
Ռոման Մուշեղյանն ընդգծեց, որ ֆիլմը քաղաքական որևէ նպատակ չի հետապնդել. «Սա ընդամենը ժողովրդին սթափեցնելու և իրենց երկրին տեր կանգնելու համար է արված: Պատասխանատվությամբ ասում ենք, որ ֆիլմը որևէ քաղաքական պատվերի հետ կապ չի ունեցել, որևէ քաղաքական նպատակ չի հետապնդել:
Ֆիլմի վերջում բաց է մնում, թե ինչ գործողություն է կատարում Ամատունին. սիմվոլիկ կերպով փորձել եմ անդրադառնալ մեր էպոսին, չգիտեմ՝ որքանով է դա հասկացվել, երբ Մհերը գնում է դեպի դարպասներ և ասում է՝ մինչև ցորենը չդառնա գարու չափ, չեմ իջնելու, այսինքն՝ պայքարելու եմ այնքան, մինչև այդ ճշմարտությունը, ժողովրդի գիտակցությունը հասունանա այդ գիտակցությանը»:
ԱՄՆ մեկնելուց հետո Ռոման Մուշեղյանը սովորել է Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի պրոդյուսինգի բաժնում. «ԱՄՆ-ում պրոդյուսինգ սովորեցի, և առաջին անգամ հասկացա, թե ինչ է ընդհանրապես նշանակում՝ կինոինդուստրիա, և այդ համակարգը ոնց է ձևավորվում: Պատկերացրեք՝ 2.5 տարի՝ 12 ժամ դաս, դրանից հետո 5 ժամ էլ՝ գործնական պարապմունքներ, շաբաթական 7 սցենար կարդալ՝ վերլուծել, 7 ֆիլմ նայել՝ վերլուծել, ունենալ սցենարական դասեր, տարբեր դասեր, որոնցից պետք է քո ամբողջ խմբի գործերը կարդաս, նոթեր տաս նրանց, իրենք են քեզ նոթեր տալիս, մենթորների հետ ես աշխատում: Մի խոսքով՝ շատ ուժեղ ուսուցման կենտրոն էր, առաջիկա պրոյեկտները կսկսեմ Ամերիկայում»:
Ինչ վերաբերում է հայաստանյան կինոինդուստրիային, նա նշեց, որ հայկական շուկան փոքր է.
«Կինոն ինքնանպատակ չէ, պետք է կարողանա դուրս գալ կինոթատրոններ: Կամ դու պետք է այնպիսի կինո նկարես, որ ամբողջ աշխարհը դիտի, իսկ դրա առաջին նախապայմանը համամարդկային պատմություն նկարելն է, որն ամբողջ աշխարհը կհասկանա: Դրա համար հարկավոր է զարգացնել, կրթել, դրսից մասնագետներ բերել, սատարվեն այն պրոյեկտները, որոնք կարող են ճանապարհ ունենալ, բայց չպետք է դա խառնել այնպիսի պրոյեկտների հետ, որոնք, թվում է, թե հեղինակային կինո են, բայց անգամ հեղինակային կինոյի շրջանակներում անհասկանալի ֆիլմեր են, որոնք ոչ ոք չի տեսնում: Կրթությունը նաև համակարգերում է կարևոր, ինչքան կիրթ լինի հասարակությունը, այնքան կիմանա, թե աշխարհում հիմա ինչ է կատարվում, ոնց պետք է անել ամեն ինչ: Համակարգ է պետք, որը կսնի բոլորին»:
Ռեժիսորը նշեց, թե ինչով Հայաստանը կարող է գրավիչ լինել միջազգային շուկայի համար. «Հայաստանն ունի էժան աշխատուժ, բայց ես չգիտեմ՝ այստեղ գործո՞ւմ է tax deduction (հարկային նվազեցում): ԱՄՆ-ում երբ, օրինակ՝ ֆիլմը Կալիֆոռնիայից տանում՝ Լուիզիանայում ես նկարում, Լուիզիանան քո ծախսած գումարի 20 տոկոսը վերադարձնում է փրոդաքշնին, որովհետև դու իրենց մոտ ներդրումներ ես անում: Եթե Հայաստանը կարող է այդ շրջանակում համագործակցել աշխարհի հետ, դա մեծ գրավիչ փաստ կլինի, որ այստեղ նկարվեն ֆիլմեր: Նաև լեզվի, ստանդարտների խնդիրն է կարևոր: Ես փորձ ունեցա՝ ԱՄՆ-ից եկել էին այստեղ, Netflix-ի համար ֆիլմ էին նկարում՝ աստվածաշնչյան թեմայով, փորձեցին 3 սերիան Հայաստանում նկարել, ես հավաքեցի այստեղի լավագույն մասնագետներին, հարցազրույցներ եղան, ամեն ինչ շատ լավ էր, գնացինք Հաղպատ, Սանահին, բոլոր տեղերը նայեցինք, հետո հաշվարկ արեցին ու հրաժարվեցին և գնացին՝ Իսրայելում նկարեցին:
Երևի այդ tax deduction-ի պահը չաշխատեց, որ 20 տոկոսն իրենք կարողանան հետ վերցնել, այնտեղ ավելի գրավիչ պայմաններ առաջարկեցին: Պետք է մտածենք, թե մենք ինչ գրավիչ պայմաններ կարող ենք առաջարկել»:
Ռոման Մուշեղյանը հավելեց, որ նախկինում Հայաստանը միշտ մշակույթով լիքն է եղել, բայց այս այցի ժամանակ նկատել է, որ մշակույթը հետին պլան է մղված երկրում.
«Ես հիշում եմ, իմ մյուս պրեմիերաների ընթացքում մամուլի ասուլիսները լրագրողներով լեփ-լեցուն էին, հիմա անգամ լրագրողների մոտ հետաքրքրություն չկա արվեստի նկատմամբ: Քաղաքականությունը այնքան է բարձրացել առաջին պլան ամբողջ Հայաստանում, որ մշակույթը լրիվ ետ է մղվել: Անմշակույթ երկիրը ոչ մեկին պետք չէ, մենք մեր մշակույթով ենք ներկայանում աշխարհին, ոչ ոք մեր երկիրը չի ճանաչելու մեր քաղաքականությամբ կամ չգիտեմ՝ ինչով, մշակույթով պետք է սիրել տաս քո երկիրը, որ մյուս երկրները համակրանք և պատասխանատվություն ունենան քո երկրի նկատմամբ: Պետք է հնարավորինս զարգացնենք մեր մշակույթը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում