«ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները ՀՀ-ում ազատված են աշխատանքի թույլտվություն ձեռք բերելու պարտականությունից». Մնացական Բիչախչյան
«Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց մի մասը ցանկանում է կարճ ժամանակով այստեղ բնակվել, մի մասը՝ երկարաժամկետ բնակվել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալով, մյուս մասն էլ դեռևս չի կողմնորոշվել՝ ստանալ քաղաքացիությո՞ւն, կացության կարգավիճա՞կ, թե՞ հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում: Մարդիկ էլ կլինեն, ովքեր կցանկանան ստանալ փախստականի կարգավիճակ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:
Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար նախ պետք է դետալացնել՝ սուբյեկտն ազգությամբ հա՞յ է, թե՞ ոչ:
«Ազգությամբ հայ օտարերկրացի քաղաքացու՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցը դիտարկելիս պետք է հաշվի առնել՝ եղե՞լ է նա նախկինում ՀԽՍՀ քաղաքացի: Եթե անձը 1995թ. նույեմբերի 25-ի դրությամբ եղել է ՀՀ բնակիչ, հետո է դուրս գնացել բնակության, նա իրավունք ունի պարզեցված ընթացակարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ: Նա պարտավոր չէ դիմել բարդեցված ընթացակարգով, ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն ստանալու համար: Այս պարագայում անձը պետք է ունենա պաշտոնական գրավոր հավաստում՝ որ թվականին է ստացել այլ երկրի քաղաքացիություն, ապա կարող է դիմել տարածքային անձնագրային ծառայություն, իսկ եթե այլ երկրում է՝ հյուպատոսական ծառայություն»,- ասաց Մնացական Բիչախչյանը՝ հավելելով, որ եթե հավաստումը ստանալը երկար ժամանակ է պահանջելու, ավելի նպատակահարմար կլինի, եթե քաղաքացին դիմի ընդհանուր հիմունքներով քաղաքացիություն ստանալու համար, ինչը տևում է 6 ամիս:
Նա թվարկեց նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
«Եթե անձը դիմում է անձնագրային վարչություն՝ քաղաքացիության գործ հանձնելու, անպայման նրա ներկայությունը պարտադիր է, իսկ եթե պարզեցված ընթացակարգով պիտի կատարվի քաղաքացիության ստացումը, կարող է դիմել նաև լիազորված անձը, բայց անձի ներկայությունը պարտադիր է»,- ասաց Մնացական Բիչախչյանը:
Մասնագետի խոսքով՝ այլ պետության քաղաքացիություն ստանալը չի նշանակում, որ ավտոմատ դադարեցվում է ՀՀ քաղաքացիությունը օրենքի ուժով:
«Երբեք ավտոմատ քաղաքացիության դադարեցման ինստիտուտ չի գործել: Եթե անձը ստանում է այլ պետության քաղաքացիություն, քանի դեռ նա չի դիմել օրենքով սահմանված կարգով Հայաստանի քաղաքացիությունը դադարեցնելու, շարունակում է ունենալ ՀՀ քաղաքացիություն: Կրկին պետք է անձամբ դիմել կամ վիզաների վարչություն, կամ հյուպատոսական ծառայություն»,- ասաց անձնագրերի ու վիզաների վարչության նախկին պետը:
Ոչ ազգությամբ հայերի համար, ըստ մեր զրուցակցի, չկա ներդրումներ կատարելու հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու նորմ կամ որևէ այլ իրավական կարգավորում:
«Եթե անձը ազգությամբ հայ չէ, ցանկանում է ստանալ ՀՀ քաղաքացիություն, պետք է 3 տարի բնակվի ՀՀ-ում, նոր դրանից հետո իրավունք ունենա դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: 3 տարի հետո դիմորդը պետք է հանձնի հայոց լեզվի իմացության և Սահմանադրության իմացության թեստեր, ինչը իրավունք կվերապահի քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթեր հանձնել»,- ասաց Մնացական Բիչախչյանը:
Վերջինս նկատում է՝ խառն ամուսնությունների դեպքում այլ ընթացակարգ է գործում:
«Եթե ազգությամբ ոչ հայը ամուսնացած է հայի հետ առնվազն երկու տարի և այդ ընթացքում առնվազն 365 օր օրինական կարգով բնակվել է Հայաստանում, դա նույնպես նրան իրավունք է վերապահում՝ դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պարագայում դիմորդը հայոց լեզվի իմացության թեստ չի հանձնում, այլ միայն՝ Սահմանադրության իմացության:
Երրորդ տարբերակը, երբ օտարերկրյա, ազգությամբ ոչ հայ քաղաքացին կարող է դիմել քաղաքացիություն ստանալու համար, այն է, երբ անձն ունի ՀՀ քաղաքացի երեխա:
«ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները ՀՀ-ում կարող են երկարաժամկետ բնակվել իրենց աշխատանքային պայմանագրի ժամկետով: Նրանք ազատված են աշխատանքի թույլտվություն ձեռք բերելու պարտականությունից»,- ասաց Մնացական Բիչախչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում