«Կոկորդիլոսաբույծը 1 նպատակ ունի՝ անձրևորդի նման գալարվել աթոռին»․ Ռաֆիկ Անդրեասյան

Արարատի մարզի Վեդի խոշորացվող համայնքում մարտի 27-ին նշանակված է ՏԻՄ ընտրություն, և արդեն 2 օր է՝ ինչ մեկնարկել է քարոզարշավը։

Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 2 քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

168.am-ն այսօր զրուցել է «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով ՏԻՄ ընտրություններին մասնակցող, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ՝ նախ պարզելու, թե ինչպես է ընթանում քարոզարշավը։

«Շրջելով համայնքներով, հանդիպելով մեր ընտրողների հետ՝ համոզված եմ, որ մենք հաղթանակ ենք տոնելու, քանի որ անցած ընտրությունները ցույց տվեցին, որ այն թիմը, որը մրցակից է մեզ այսօր, ժողովրդի քվեները գցեցին ոտքի տակ, ժողովուրդը վիրավորված է նրանցից, հասկացան, որ մեր թիմն ավելի պատրաստակամ է, և իրենց կողքին 1 թիմ կա, և դա «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ իր թիմով հանդերձ»,- պատասխանեց Ռաֆիկ Անդրեասյանը։

Հարցին՝ Գարիկ Սարգսյանի՝ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը կարո՞ղ է իր ազդեցությունն ունենալ այս ընտրությունների արդյունքների և ընթացքի վրա, քանի որ բազմաթիվ ահազանգեր կան, որ այս նշանակումը միտումնավոր է արվել, որպեսզի պետական ապարատի աշխատակիցներին ուղղորդեն մասնակցելու և քվեարկելու ՔՊ-ի օգտին, Ռաֆիկ Անդրեասյանը պատասխանեց․

«Պաշտոնի նշանակելը թողնենք մի կողմ, դա վարչապետի որոշումն է, բնականաբար, օրենքից դուրս բան չի եղել, բայց նշանակումը կատարել է Վեդի քաղաքում, քանի որ Վեդի համայնքը դեռ խոշորացված չէ, և խոշորացված համայնքի պաշտոնակատար չի կարող լինել։ Այսօր այդ նույն կոկորդիլոսաբույծ Գարիկը շատ մեծ դժգոհություն է առաջացրել համայնքի նախկին աշխատակիցների մոտ․․․ Գարիկ Սարգսյանը բազմաթիվ պաշտոնների է նշանակել, որոնք գոյություն չունեն, ու դա ես համարում եմ ինքնիրավչություն, նա իրավունք չուներ․․․»։

Գարիկ Սարգսյանին համարո՞ւմ եք լուրջ մրցակից, հարցրեցինք Անդրեասյանին․

«Մրցակցին երբեք չի կարելի թերագնահատել, բայց այդ մարդու մեջ ես լրջություն չեմ տեսել դեռ մարզպետ նշանակված ժամանակից կամ Նոր կյանք գյուղի ղեկավար լինելու ժամանակ։ Մարդը գիտակ չէ, մինչև հիմա չի տարբերում ջրի խորանարդ մետրը, կաթիլային ջրումն ի՞նչ է նշանակում, ընդհանուր հողային հունով ջրելն ի՞նչ է նշանակում։ Արարատի մարզը՝ որպես մրգի շտեմարան, ո՞նց կարելի է բերել, այս մարզում կոկորդիլոս պահել, թռչել, ձու ածեցնել, այդ ձվերով ձվածեղ անել․ սա զավեշտ է․․․»։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած քաղաքականությանը՝ ամեն գնով հաղթանակ տանել, դա լինի՝ բախումներ հրահրելով, թե ընդդիմադիրներին վախեցնելով ու կալանավորելով, Ռաֆիկ Անդրեասյանը նախ ասաց, որ նման տեղեկություն չունի, միևնույն ժամանակ չբացառեց․

«Իհարկե, այդ մտավախությունը կա, բայց մենք անկոտրուն ենք, մենք նաև համոզվել ենք, որ կոկորդիլոսաբույծը 1 նպատակ ունի՝ անձրևորդի նման գալարվել աթոռին, միակ նպատակը դա է․․․»։

Ռաֆիկ Անդրեասյանը նաև անդրադարձավ և իր գնահատականը տվեց դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Գարիկ Սարգսյանի կոշտ հայտարարություններին, թե «Իմ հզոր համայնք» կուսակցությունը գրպանային ընդդիմություն է, և այլն։

Զրույցի ընթացքում Անդրեասյանը Վեդի խոշորացվող համայնքի բնակիչներին կոչ արեց մարտի 27-ին մասնակցել ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեն տալ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը՝ վստահեցնելով, որ օրուգիշեր աշխատելու են ժողովրդի բարօրության համար։

«Մենք ձեր տված քվեի շնորհակալությունը հայտնելու ենք մեր աշխատանքով․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս