Զելենսկիի առաջարկը. Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար
Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հայտարարած ռազմական հատուկ օպերացիան, որը վերածվել է լայնածավալ պատերազմի, արդեն 9 օր է՝ շարունակվում է, և ռազմական գործընթացներին զուգահեռ՝ կողմերը առանց էական արդյունքների բանակցային երկրորդ փուլն են անցկացրել Բելառուսում:
Ուշագրավը, սակայն, այն է, որ, ինչպես պատերազմից ամիսներ առաջ, այնպես էլ պատերազմի այս փուլում օրակարգ է վերադառնում Թուրքիայի նախագահի հնարավոր միջնորդության թեման:
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պետք է լինի իր երկրի «անվտանգության երաշխավորների» շարքում։
«Կարծում եմ, որ նա Ուկրաինայի անվտանգության այն երաշխավորներից մեկն է, և նա անպայման կլինի այն երկրների թվում, որոնք պետք է երաշխիքներ տան Ուկրաինայի անվտանգության համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զելենսկին։
Ըստ նրա, աշխարհում շատ առաջնորդներ չունեն այս հնարավորությունը, շատերն են դա ցանկանում, բայց քչերն ունեն հնարավորություն, իսկ Էրդողանը շատ լուրջ նախագահ է և օգնում է:
Այս հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հարցազրույցը, որում նա նշել էր, թե Անկարան չի միանում հակառուսական պատժամիջոցներին և «մտադիր չէ միջոցներ ձեռնարկել, որոնք կվնասեն պետությանը»։
«Մենք Ռուսաստանի հետ սերտ առևտրային հարաբերություններ ունենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, բնական գազի մատակարարումը, գյուղատնտեսությունը»,- ասել էր Քալընը:
Մյուս կողմից, ըստ նրա՝ Թուրքիան կարող է հանդես գալ՝ որպես «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր երկխոսության խողովակ»։ «Ո՞վ կխոսի Ռուսաստանի հետ, երբ բոլորն այրեն կամուրջները»,- CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Քալընը։
Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ Թուրքիայի ԱԳ և Պաշտպանության նախարարները պատերազմի 9 օրերի ընթացքում անընդհատ կապի մեջ են իրենց ուկրաինացի և ռուս գործընկերների հետ:
168.am-ի հետ զրույցում այս մասին ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ ռուսական կողմը բացարձակ հետաքրքրված չէ այս գործընթացում Թուրքիայի միջնորդության հեռանկարով և ակնհայտորեն անվտանգության երաշխավորի մասին պայմանավորվածությունը ուկրաինաթուրքական պայմանավորվածությունների տիրույթում է, որը գուցե ՌԴ-ն հաշվի է առել՝ որպես սպասելի զարգացում:
Ըստ նրա, Թուրքիան՝ Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական քայլեր անելով, այնուամենայնիվ, փորձում է դեռ «չայրել կամուրջները», մնալով ՆԱՏՕ-ի այն միակ երկիրը, որը կարող է անհրաժեշտ պահին Ռուսաստանի հետ կապ հաստատել: Վերլուծաբանի կարծիքով, այս պահին երկուստեք՝ Ռուսաստան-Թուրքիա «մեծ խաղը» չի զարգանում այնպես, որպեսզի ենթադրենք, որ այստեղ լարվածություն է լինելու, քանի որ Ռուասստանին հայտարարված ամենակտրուկ միջոցները, ի վերջո, տնտեսական պատժամիջոցներն են, որոնք տեղում էլ սուր են ընկալվում:
«Այս փուլը Թուրքիան բաց թողեց: Գիտենք նաև, որ Թուրքիան, մասնավորապես՝ Էրդողանը, տևական ժամանակ պնդում էր, որպեսզի Թուրքիայում Պուտին-Զելենսկի հանդիպում տեղի ունենա, որն ըստ էության ռուսական կողմը թողեց առկախված վիճակում: Վստահաբար իր միջազգային կշիռը բարձրացնելու համար Թուրքիան կցանկանա միջնորդական առաքելություն ստանձնել, շարունակել մանևրել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, սակայն միևնույն ժամանակ՝ գուցե Ուկրաինայի նախագահի այս արտահայտությունը պայմանավորվածություն չէր, ինչը նշանակում է, որ երաշխիքներ չեն տրվի, քանի որ հրապարակային դաշտում իր ձևավորած չեզոք հեղինակությունը դրանով Թուրքիան կկորցնի, իսկ այս պահին, քանի դեռ իրավիճակը լիովին պարզ չէ, Թուրքիան պահպանում է չեզոքություն:
Այս պահին ակնհայտ է, որ Ռուսաստանն իր համար թիրախ և որպես գլխավոր հակառակորդ, բանակցող բևեռ պատկերացնում է Արևմուտքին: Մտածել, որ Ռուսաստանն ու Թուրքիան կկարողանան միմյանց շահերը հաշվի առնելով՝ գործել Ուկրաինայում, ինչպես որոշակի առումով Ղարաբաղյան դաշտում, բարդ է թվում, թեև նաև բացառված չէ»,- ասաց վերլուծաբանը:
Ռուս թուրքագետի կարծիքով, Հայաստանին ուղղված անվտանգային սպառնալիքներ չեն լինի, եթե իրավիճակը Ռուսաստանի և Թուրքիայի միջև չվատթարանա:
«Սակայն այս պահին նման միտումներ դեռ չկան: Ռուսաստանը Թուրքիայից կտրված է գործում, վստահ, իսկ Թուրքիան ավելի զգուշավոր քաղաքականություն է փորձում վարել, կողմերին առավելագույնն առաջարկելով միջնորդություն և հումանիտար օգնություն, ինչպես նաև ողջունելով բանակցային երկու փուլերի արդյունքները»,- ասաց նա: