ՀՀ-ում Ուկրաինայի դրոշով արևմտամետներ կան, Ռուսաստանը տեսնում է, հասկանում՝ ինչու, ում մատուցմամբ են գործում նրանք. Արեշևը՝ ռուս-ուկրաինական պատերազմի, Հայաստանի չեզոքության մասին

«Ռուսաստանին չպետք է Ուկրաինայից վտանգ սպառնա ո՛չ ուղիղ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ սոցիալ-տնտեսական առումով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիային Ուկրաինայի տարածքում:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն մեկնաբանությունները, թե Ռուսաստանի ռազմաօպերացիան և Ռուսաստանը պարտվել են Ուկրաինայում, Արեշևն արձագանքեց՝ ասելով, որ նման մեկնաբանություններին վերաբերվում է՝ որպես տեղեկատվական պատերազմի դրսևորում Ռուսաստանի և Ռուսաստանի նախաձեռնած ռազմական օպերացիայի դեմ, որպես հոգեբանական ճնշման լծակ դեռևս գործող ուկրաինական ռեժիմի կողմից:

«Իսկ ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե օպերացիան կանգ է առել, չի հաջողվել, խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել քարտեզին, հաշվի առնել, որ Ուկրաինան մեծ երկիր է՝ այն դեպքում, երբ ռուսական խմբավորման թվաքանակը, որը ուկրաինական նացիստներին խաղաղություն է պարտադրում, համադրելի չէ ուկրաինական բանակի թվաքանակի հետ, որը պատրաստ էր Դոնբաս գցվել դեպի ռուսական սահման դուրս գալու և գուցե ավելի հեռուն գնալու հեռանկարով»,- ասաց վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ լուրջ հիմքեր կան՝ ենթադրելու, որ, այսպես կոչված, Դոնբասի դեօկուպացիայի «Խորվաթական սցենարը» ռուսական ռազմական օպերացիան առաջ անցավ մի քանի օրով, այնտեղ արդեն ամեն ինչ պատրաստ էր: «Ուկրաինական «Արևելք» խմբավորումը մի քանի տվյալներով հաշվվում էր 100-120.000 մարդ՝ միայն անձնակազմը, չհաշված տարատեսակ տարածքային բատալյոնները, պատժիչ ռազմական ջոկատները, որոնց զինում է ԱՄՆ-ը ու ողջ Եվրոպան:

Այլ ցուցանիշներ ևս նշեմ՝ միայն վերջին տարվա ընթացքում ուկրաինական ռազմամեքենային տրվել է 1 մլրդ դոլարի սպառազինություն: Միայն փոքր մասը նրանից, ինչ Ձեզ ասացի, բնութագրում և բացատրում է այն տեղեկատվական լարումը, որը բարձրացավ առաջին հերթին Արևմուտքում՝ Ուկրաինայում ծանր իրադարձությունների զարգացման ֆոնին, որի մասին ռուսական կողմը բազմիցս զգուշացրել է, խոսել է, այդ թվում՝ ՌԴ նախագահի մակարդակով։ Կոչեր են արվել՝ դադարեցնել ռազմական գործողությունները Դոնբասում, որոնք շարունակվում էին արդեն 8 տարի, դրանք անտեսվել են: Ուստի խոսքը պարտադրված միջոցի մասին է, որն ուղղված է նրան, որպեսզի «1941 թվականը ռուսական կողմը չդիմավորեր Բելգրադի կամ Բրյանսկի տակ»»,- ասաց Արեշևը:

Հարցին՝ եթե Մոսկվան հայտարարում է, որ չունի նպատակ օկուպացնել Ուկրաինայի տարածքները, ապա ի՞նչ խնդիրներ է լուծում՝ շրջափակելով Կիևը, կամ ի՞նչ խնդիր է Մոսկվան լուծում Կիևում, Արեշևը պատասխանեց, որ խնդիրների ընդհանուր շրջանակները նշվել են՝ դեմիլիտարիզացիա և դենացիֆիկացիա: «Առաջինը, իմ կարծիքով, ենթադրում է այն, ինչ անում է ռուսական բանակը՝ վերացնելով այն թիրախները, որոնք կարող են իրենցից վտանգ ներկայացնել ոչ միայն Դոնբասի հանրապետությունների, այլև Ռուսաստանի համար: Դրանք ռազմական թիրախներ են՝ ռազմական պահեստներ, ավիաբազաներ, ահաբեկիչների կուտակման վայրեր, զորանոցներ կամ Ուկրաինայի ԶՈՒ այնպիսի ստորաբաժանումներ, որոնք կարող են ուղիղ սպառնալիք լինել ՌԴ-ի համար: Վստահեցնում եմ, որ պատրանքներ չկան, կարճ ժամանակ անց այդպես էլ լինելու էր»,- պնդեց ռուս քաղաքագետը:

Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, որը ներառում է դենացիֆիկացիան, ապա, ըստ նրա, այստեղ դրա իրականացման մի քանի տարբերակ է հնարավոր, որոնց մասին դեռ վաղ է խոսել:

«Ինձ թվում է՝ Ուկրաինայի պետականությունն իր ներկայիս վիճակում ռեանիմացիայի ենթակա չէ, ուստի, ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ 2014 թվականից Դոնբասում արյունալի քաղաքացիական պատերազմ իրականացրած նացիստ հանցագործների նկատմամբ դատական գործընթացներից բացի, պատմական այն տարածքների ինքնորոշման հարցը դրվեր, որոնք բոլշևիկների կամքով հավաքվել են՝ որպես սովետական Ուկրաինա: Խոսքը միայն Դոնբասի մասին չէ: Իսկ թե ինչպես դա տեղի կունենա, ինձ համար բարդ է ասելը: Կարծում եմ, ընդհանուր գործընթացը հեռու է գնացել, դա Ռուսաստանի համար գոյաբանական մարտահրավեր է, նա դա լուծելու է: Չպետք է Ռուսաստանին վտանգ սպառնա ո՛չ ուղիղ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ սոցիալ-տնտեսական առումով»,- ասաց վերլուծաբանը:

Անդրադառնալով պատերազմի զարգացման հնարավոր սցենարներին՝ Արեշևն ասաց, որ բավարար է նայել արևմտյան մամուլը, հեղինակավոր արևմտյան փորձագետների կարծիքները, որպեսզի պարզ դառնան Արևմուտքի հեռակա նպատակները:

«Նրանք ձգտելու են, որպեսզի Ուկրաինան վերածվի երկրորդ Աֆղանստանի կամ երկրորդ Սոմալիի Ռուսաստանի կողքին, այստեղ պատրանքներ չունենք: Նրանք չեն մտածում խաղաղ բնակչության մասին ու չեն մտածելու: Ուկրաինան, Ուկրաինայի տարածքն արևմտյան գործընկերների համար Ռուսաստանի դեմ պայքարում «расходный материал» է, որը նրանք չեն էլ թաքցրել:

Կարծում եմ՝ առճակատման բոլոր միջոցներն ադեկվատության շրջանակում կմնան: Այսօր շատ է խոսվում Ուկրաինայում տարբեր կամավորական ջոկատների կամ սպառազինության նոր մատակարարումների մասին, եթե նմանատիպ փորձերը շարունակվեն, ապա դրանք համարժեք պատասխան կստանան ոչ միայն՝ Ռուսաստանի, այլև նաև՝ Բելառուսի կողմից, որը մեծ սահման ունի Լեհաստանի հետ և արդեն իսկ հայտարարել է ՀՕՊ-ը լիակատար մարտական պատրաստվածության բերելու մասին:

Հուսանք՝ ՌԴ զսպման ուժերը մարտական հերթապահության դնելու ՌԴ նախագահի հայտարարությունը ևս կսառեցնի տաք գլուխները, որոնք ձգտում են լայնամասշտաբ պատերազմ լարել, որը կարող է դուրս գալ Ուկրաինայի սահմաններից: Հույս ունեմ, որ Կարիբյան ճգնաժամի տարիների նման գիտակցությունը կգերիշխի, և մարդիկ, որոնք մինչև վերջին պահն անտեսել են ու ծիծաղել Ռուսաստանի առաջարկների վրա, կփոխեն իրենց ապակառուցողական մտածողությունը, այդ դեպքում՝ երկխոսությունը հնարավոր է ռազմավարական կայունության և անվտանգության շուրջ»,- ասաց Անդրեյ Արեշևը:

Խոսելով ՀՀ դիրքորոշման մասին, և հարցին, թե Հայաստանը հնարավորություն կունենա՞ պահպանել չեզոքություն, ռուս քաղաքական վերլուծաբանը պատասխանեց, թե ՀՀ իշխանությունն այլ ելք չունի, քան չեզոքություն պահպանելը: «Հայտնի է, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում խոշոր հայկական համայնքներ կան, որոնք Ուկրաինայում և հատկապես Դոնբասում առնչվում են տարատեսակ մարտահրավերների: Քրեական տարրերի այն դրսևորումները, որ տեսնում ենք Կիևում, Խարկովում և այլ քաղաքներում, գուցե ՀՀ իշխանություններից արտառոց միջոցառումներ պահանջի հայրենակիցների տարհանման համար: Կարծում եմ՝ հայկական ղեկավարությունն այս ոգով է գործելու՝ կոչ անելով խաղաղ կարգավորման, այլ հարց է, թե որքանով է այն հնարավոր, միևնույն ժամանակ քայլեր ձեռնարկելով ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք ծանր իրավիճակում են հայտնվել: Ապագան նաև շատ բան ցույց կտա:

Հայտնի է, որ Հայաստանում կան արևմտամետ տրամադրություններ: Գիտեմ, որ արևմտամետ հանրության մի մասը հանդես է գալիս ուկրաինական դրոշներով, այդ թվում՝ այնպիսի անձինք, ինչպիսին Տիգրան Խզմալյանն է: Ես ինչ-որ չեմ հիշում, որ նրանք հանդես գային Արցախի պաշտպանության, աջակցության օգտին կամ Դոնբասի: Նմանատիպ խմբեր կան, մենք գիտենք, հասկանում ենք, Ռուսաստանը հիանալի կերպով տեսնում ու հասկանում է՝ ինչու, ում մատուցմամբ են գործում այդ խմբերը: Միևնույն ժամանակ՝ նրանք չեն արտահայտում հայ քաղաքացիների ճնշող մեծամասնության կարծիքը, որոնք անկեղծորեն անհանգստանում են Ուկրաինայի այն քաղաքացիների համար, որոնք անգիտակից ղեկավարների պատճառով հայտնվել են նման իրավիճակում»,- ասաց Անդրեյ Արեշևը:

Տեսանյութեր

Լրահոս