Քրիստոս հորդորում է հարատև աղոթել և չվհատվել…
Տիրոջ հետ խոսելու լավագույն լեզուն աղոթքն է, մաքուր ու անկեղծ աղոթքը, որ բխում է մեր սրտից։ Հաճախ աղոթում ենք ու միաժամանակ կասկածում՝ արդյոք մեր աղոթքները լսելի են Տիրոջը։ Որտեղի՞ց է այս կասկածամտությունը գալիս, ինչու՞ է այն հաճախ բույն դնում մարդու սրտում ու խանգարում ավելի ամրացնել Աստծո հետ հարաբերությունները։
Ինքս էլ շատ անգամներ աղոթել եմ ու մտքումս կասկածանքով մտածել՝ տեսնես Տիրոջ համար լսելի են աղոթքներս։ Աղոթքս ավարտելուց հետո հասկացել եմ, որ միտքս այդ ընթացքում այնքան է տարված է եղել այլ բաներով, որ աղոթքիս մեջ ամենևին էլ անկեղծ չեմ եղել։ Երկար ժամանակ պահանջվեց, որ կարողանամ աղոթքի ընթացքում ամբողջովին կտրվել այս աշխարհից ու մտքերով միայն Տիրոջ հետ լինել։
Իսկ թե ինչպես է պետք աղոթել, այս մասին Քրիստոս ուսուցանեց հետևյալ առակով. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի՛ր իմ հակառակորդից»: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհագստացնի ինձ»» (Ղուկ. 18:2-6):
«Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի միջոցով Քրիստոս հորդորում է հարատև աղոթել և չվհատվել՝ ապավինելով Աստծու ողորմածությանը: Եթե այրու խնդրանքների համառությունը խոցեց անարդար դատավորի կարծրացած խիղճը և ստիպեց նրան դատը տեսնել, ապա մի՞թե արդար Դատավորը՝ Աստված, չի պաշտպանի նրանց, ովքեր գիշեր ու ցերեկ դիմում են Իրեն:
Հիշե՛ք, կյանքում ինչ էլ որ պատահի, մեր կամքից թեկուզ և անկախ, միշտ պետք է համոզված լինենք, որ ամեն բան տեղի է ունենում Աստծու կամքով։ Եթե այդ պահին չենք հասկանում, ինչ պատճառով են որոշ իրադարձություններ տեղի ունենում, պարզապես պետք է վստահենք ու հավատանք աստվածային նախախնամությանը, քանի որ առանց պատճառի ոչինչ չի պատահում: