Որտեղ են սկսվում և ավարտվում կառավարության ստերը. ահա թե ինչպես են կեղծում իրականությունը

Իրականությունը կեղծելը եղել է այս իշխանության մեծագույն առաքելությունը։ Սուտն ու ճշմարտությունն այնպես են խառնել, որ շատերը չեն էլ կարողանում տարբերել, թե որն է իրականությունը։ Ասում են մի բան, որն արտաքուստ ճիշտ է թվում, բայց հիմքում բոլորովին այլ բան է թաքնված։ Հիմքը թաքցնում են ու փորձում տպավորություն ստեղծել, թե դա է իրականությունը։ Այնինչ իրականությունը լրիվ այլ է։

Մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստանում արձանագրվող թանկացումները համաշխարհային երևույթ են և կապված են միջազգային շուկաներում տեղի ունեցող գնաճային դրսևորումների հետ։ Իրականում սրա մեջ ճշմարտության բաժին իսկապես կա. Համավարակի հետևանքով կրճատվել է համաշխարհային տնտեսության առաջարկը, և ամբողջ աշխարհը հայտնվել է բարձր գնաճի տրույթում։ Դրանից Հայաստանը, բնականաբար, չէր կարող անմասն մնալ։ Հատկապես որ, մեր սպառման մեջ ներմուծման բաժինը բավական մեծ է։

Բայց սա ամբողջ իրականությունը չէ։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում գնաճի հետ, միայն համաշխարհային շուկաներում տեղի ունեցող երևույթների հետևանք չէ։ Այդպես է, երբ թանկանում են ներմուծվող ապրանքները։ Բայց կան նաև բազմաթիվ ապրանքներ, որոնք արտադրվում են ներսում ու էլի թանկացել են։ Ասենք՝ ներքին արտադրության գյուղմթերքները և հատկապես՝ բանջարեղենը։ Բանջարեղենի գնաճը մի պահ հասավ ընդհուպ 60 տոկոսի։ Առանձին տեսակների գները նույնիսկ կրկնապատկվել են։ Պարզ է, որ սա որևէ կապ չունի միջազգային շուկաների հետ։ Տեղական ապրանք է, որի արտադրության վրա միջազգային շուկաների գնային ազդեցությունները շատ փոքր են կամ գրեթե չկան։

Ենթադրենք՝ կարտոֆիլը կամ կաղամբը։ Կարտոֆիլի գնաճը հասել է 60-70 տոկոսի, իսկ կաղամբինը նույնիսկ կրկնապատկվել-եռապատկվել է։ Սրա պատճառը ոչ թե միջազգային շուկան է, ինչպես փորձում են գնաճը պայմանավորել իշխանությունները, այլ ներքին տնտեսական միջավայրը։ Նվազել են արտադրության ծավալները՝ հանգեցնելով գների բարձրացման։

Իսկ թե ինչո՞ւ են արտադրության ծավալները նվազել, պետք է հարցնել իշխանություններին։ Իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունն է, որը հանգեցրել է արտադրության ծավալների նվազման։

Այս մասին գերադասում են չխոսել, և երբ մարդիկ դժգոհում են թանկացումներից, միանգամից մեջտեղ են բերում միջազգային գնաճը։ Չեն ասում, որ գնաճը նաև իրենց ապաշնորհ կառավարման հետևանք է։

Վերանանք ներքին արտադրությունից։ Ժամանակին, երբ միջազգային շուկաներում նավթի բարելի գինը հասել էր ընդհուպ մինչև 150 դոլարի, բենզինի գները Հայաստանում չէին անցնում 500 դրամից։ Վերջին ամիսներին նավթի գինը տատանվում է 80-90 դոլարի սահմաններում, առնվազն 60-70 տոկոսով ավելի ցածր է, քան նախկինում էր, իսկ բենզինի գները ներքին շուկայում անցնում են 500 դրամից։

Հարց է առաջանում՝ ո՞րն է սրա պատճառը։

Պատճառն այն հարկային քաղաքականությունն է, որն իրականացնում են իշխանությունները։ Բարձրացրել են վառելանյութի հարկային բեռը, ինչն էլ արտաքին շուկաների ավելի ցածր գների պայմաններում հանգեցրել է ներքին ավելի բարձր գների ձևավորման։ Թեև միջազգային շուկաներում վառելանյութի թանկացումներն ազդել են ներքին շուկայի գների վրա, բայց արձանագրվող բարձր գնաճը միայն դրա հետևանք չէ։ Շատ ավելի մեծ է հարկային բեռի ծանրացման ազդեցությունը։

Նույնը նաև շարժիչային գազի պարագայում է։ Այս դեպքում ևս թանկացումները հիմնականում ներքին գործոնների և, առաջին հերթին, իրականացվող հարկային քաղաքականության և հարկային բեռի ծանրացման հետևանք են։ Բայց այդ մասին իշխանությունները գերադասում են չխոսել կամ թաքցնել, իսկ գնաճի ամբողջ բեռը դնել միջազգային շուկաների վրա։

Բազմաթիվ այլ շուկաներում ևս նույն իրավիճակն է, և թանկացումներն ավելի շատ պայմանավորված են ներքին, քան արտաքին գործոններով։

Միայն թանկացումների դեպքում չէ, որ իշխանությունները փորձում են կիսաճշմարտություններ ասել և մոլորեցնել հասարակությանը։

Վերջերս, երբ կառավարությունում ամփոփում էին անցած տնտեսական տարվա արդյունքները, իրավիճակն այնպես ներկայացրեցին, որ մեր տնտեսությունը ԵԱՏՄ-ում առաջատարի դիրքերում է։ Ամենաբարձր տնտեսական աճն ապահովվել է մեզ մոտ։ Բայց դա իրականության միայն կեսն է։ Մյուս կեսն այդպես էլ մնաց ստվերում։

ԵԱՏՄ-ում Հայաստանի գրանցած ամենաբարձր տնտեսական աճը եղել է զուտ նրա հաշվին, որ 2020թ. մեր տնտեսության անկումը շատ ավելի մեծ էր։ Ու եթե ԵԱՏՄ մյուս երկրներն իրենց ավելի ցածր տնտեսական աճով հաղթահարել են ճգնաժամի հետևանքները և դուրս եկել զարգացման փուլ, մենք՝ մեր ավելի բարձր տնտեսական աճով, դեռևս ամբողջությամբ հետ չենք բերել կորցրածը։

Սա շատ ավելի կարևոր ցուցիչ է, քան այն, որ անցած տարի մեր տնտեսության աճն անդամ երկրներում ամենաբարձրն է եղել։ Բայց կառավարության նիստում այդ մասին ոչ մեկը չհիշեց, ու տպավորություն ստեղծվեց, թե մեր տնտեսությունը գտնվում է զարգացման լավ մակարդակի վրա։

Կիսաճշմարտությունը հրամցրեցին լսարանին ու դրանով ավարտեցին իրենց անելիքը։ Շատերն էլ հավատացին, թե դա է իրականությունը։

Այնինչ՝ իրականությունը բոլորովին այլն է։ Օգտվում են մարդկանց չիմացությունից ու անում իրենց սև գործը։

Շատ հաճախ Հայաստանում հայտարարագրված աշխատատեղերի աճերից են խոսում։ Ոչ վաղ անցյալում էլ հայտարարվեց, թե անցած տարի բացարձակ ռեկորդ է գրանցվել՝ հայտարարագրված աշխատատեղերի քանակը հասել է 659 հազարի, 2020թ. համեմատ՝ ավելանալով 37 հազարով, 2019թ. համեմատ՝ 30 հազարով։ Բայց այդպես էլ չասվեց, թե դա ինչի արդյունքում է եղել, հասարակությունն էլ լսեց, որ 30-37 հազարով աշխատատեղերն ավելացել են, ու թեման փակվեց։ Այնինչ՝ այդ աշխատատեղերն ավելացել են ոչ թե նրա շնորհիվ, որ նոր աշխատատեղեր են բացվել, այլ զուտ այն պատճառով, որ միկրոձեռնարկությունների վերաբերյալ օրենսդրական դաշտի ձևավորումից հետո մի քանի հազար մարդ ստիպված էր գնալ ու գրանցվել հարկային մարմիններում։ Խոսքը կոշկակարների, դերձակների, մանր-մունր առևտրով զբաղվողների մասին է, որոնք նախկինում ոչ մի տեղ գրանցված չէին, որովհետև իրենց աշխատանքով հազիվ կարողանում էին իրենց գլուխը պահել։ Իշխանությունները որոշեցին նրանց տեղափոխել հարկային դաշտ, ու դրանով մի քանի հազարով ավելացավ հայտարարագրվող աշխատողների քանակը։

Մի ցուցանիշ բերենք. 2019թ. 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում զբաղված էր 100 հազար մարդ, 2022թ. դրանց քանակը հասել է գրեթե 124 հազարի։ Ավելացած 24 հազարի հիմնական մասը միկրոձեռնարկություններից եկած հայտարարագրված աշխատողներն են։

Հայտարարագրված աշխատողների քանակի աճի պատճառներից մեկն էլ եղել է այն, որ ավելացել են պետական համակարգում զբաղվածները։ Այս դեպքում էլ աճը 2 տարվա ընթացքում հասնում է 5-6 հազարի։

Եթե ընդունում ենք, որ պետական ապարատի ծանրաբեռնումն ու ուռճացումը լավ է, պիտի համարենք, որ դրա արդյունքում աշխատատեղերի ավելացումը ևս ձեռքբերում է։

Խոսում են Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի հատվածներից մեկի կառուցման մասին ու հայտարարում, որ Հայաստանի անկախության պատմության մեջ այս մասշտաբի ներդրումային ծրագիր չէր իրականացվել։ Բայց չեն ասում, որ այդ ծրագրի հետ իրենք բացարձակ կապ չունեն, դրա հիմքերը ոչ թե նոր են դրվել, այլ դրվել են նախորդ իշխանությունների օրոք։ Ու ոչ միայն հիմքերն են դրվել, այլև բավական մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել։

Բարձրացնում են էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագները ու կիսաճշմարտություններով փորձում են արդարացնել իրենց քայլերը։ Չեն ասում, որ դա առաջին հերթին իրենց ձախողված կառավարման հետևանք է։

Դժվար է գտնել մի բան, որ ասվի, ու ասվի ամբողջ ճշմարտությունը։ Կեղծիքն ու սուտը դրել են պետական քաղաքականության հիմքում և մոլորեցնում են հասարակությանը։ Մարդիկ էլ իրենց չիմացության պատճառով կարծում են, թե դա է իրականությունը։ Այնինչ՝ իրականությունը բոլորովին այլ է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս