«Որևէ մեկը գյուղից հեռանալու մտադրություն չունի, եթե թշնամուն լսեինք, ապա առհասարակ չպետք է վերադառնայինք գյուղ». Խրամորթի գյուղապետ
Թշնամին այս պահին դադարեցրել է իր սադրանքները, որոնք արդեն երկու օր իրականացնում էր Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղի խաղաղ բնակչության նկատմամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։
Ըստ գյուղապետի, իրավիճակի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին, որից հետո թշնամին դադարեցրել է բնակիչներին ահաբեկելը։
«Արդեն երկրորդ օրն էր, թշնամին բարձրախոսով խրամորթցիներին ահաբեկում է, ասում է՝ թողեք տներն ու հեռացեք։ Մենք իրավիճակի մասին տեղեկացրեցինք ռուս խաղաղապահներին, այս պահին վիճակը նորմալ է»,- նշեց Զորիկ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ բնակիչներն արդեն սովոր են և պատրաստ են թշնամու ցանկացած տիպի սադրանքի։
«Նրանք մեր բնակիչներին ասում են՝ լքեք գյուղը, մեր բնակիչներն ավելի են ամրանում գյուղում։ Որևէ մեկը գյուղից հեռանալու մտադրություն չունի, ինչ է թե՝ թշնամին սադրում է, այստեղից որևէ մեկը չի հեռանալու, բոլորն էլ հաստատակամ իրենց տեղերում են։ Եթե թշնամուն լսեինք, ապա առհասարակ չպետք է վերադառնայինք գյուղ, բայց սա մեր հողն է, այդ հողի տերերը մենք ենք»,- խոսքը եզրափակեց Զորիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ երեկվանից թշնամին բարձրախոսով խրամորթցիներին կոչ է անում լքել գյուղը՝ ասելով, թե այն իրենց է պատկանում։