Հայաստանը անմասն չի մնա այս ամենից. մինչև ո՞ւր կհասնեն մեր կորուստները
Տնտեսական իրավիճակը մեր երկրում առանց այն էլ մի բան չէր, հիմա էլ նոր ռիսկեր են առաջացել արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով։ Դրանց հնարավոր ազդեցություններից Հայաստանին հազիվ թե հաջողվի խուսափել։ Կորուստները կլինեն՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի, ինչպես՝ տնտեսության, այնպես էլ՝ ֆինանսական հատվածում։
Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից բավականաչափ մեծ է։ Դա արտահայտվում է՝ ինչպես ֆինանսական հոսքերի, այնպես էլ՝ տնտեսական ու ֆինանսական ոլորտների գործակցության տեսքով։
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը։ Երկու երկրների միջև առևտրի շրջանառությունն անցած տարի գերազանցեց 2,6 մլրդ դոլարը, որից շուրջ 850 միլիոնն արտահանումներ են։ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը խնդիրներ է ստեղծելու արտահանման և ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման համար։ Նվազելու է սպառողական պահանջարկը։
Եթե սպառողական պահանջարկի կրճատման ազդեցությունն ավելի ուշ կերևա, ապա ֆինանսական շուկայից թելադրված հետևանքներն արդեն առարկայական են դառնում։
Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման առաջին հարվածն իր վրա վերցրեց արժութային շուկան։ Ռուբլին հաշված ժամերի ընթացքում հասցրեց բավականաչափ արժեզրկվել։ Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը գերազանցեց 80 նիշը։ Մինչ այդ դոլարի գինը տատանվում էր 75 ռուբլու շրջանակներում։ Հիմա արդեն այն հասել է 85-ի։
Ռուբլու թուլացումը հավելյալ խնդիրներ է ստեղծում հայկական ապրանքների արտահանման համար։ Դրա հետևանքով նվազում է մեր ապրանքների մրցունակությունը։
Առանց այդ էլ վերջին մեկ-երկու տարիներին ռուբլին հասցրել էր զգալիորեն արժեզրկվել։ Այդ նույն ժամանակ հայկական դրամը, տատանումներով հանդերձ, հիմնականում կայուն է եղել։ Սա ոչ ցանկալի գործոն է մեր տնտեսության արտահանելի հատվածի համար։ Այն բերում է մրցունակության կորստի։
Ռուբլու վերջին արժեզրկումից հետո կորուստներն ավելի են մեծանալու։ Խուսափելու տարբերակներից մեկն էլ կլինի իրացման գների բարձրացումը, որը, սակայն, կբերի սպառման ծավալների կրճատման։
Ռուբլու արժեզրկումն ազդելու է առաջին հերթին՝ մեր տնտեսության արտահանելի հատվածի վրա։ Բայց այս պահին դեռ շուտ է ասել, թե կորուստներն այս հատվածում մինչև ուր կարող են հասնել։ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները նոր են մեկնարկում, և դրանց ազդեցությունները հետագայում կերևան։ Չնայած հիմա արդեն պարզ է, որ հետևանքները ոչ թե մեղմանալու, այլ ահագնանալու են։ Ճնշումը ֆինանսական ու արժութային շուկաներում խորանալու մեծ հավանականություն ունի, ինչը, անշուշտ, հանգեցնելու է ռուբլու դիրքերի ավելի թուլացման։
Ռուբլու էժանացումն արդեն սկսել է արտահայտվել նաև հայաստանյան շուկայում։ Ռուսական արժույթի գինն իջել է 5,5 դրամից՝ ազդելով մեր բազմաթիվ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Ինչպես հայտնի է, Հայաստանում բավական շատ են այն քաղաքացիները, որոնց եկամուտները ձևավորվում են արտագնա աշխատանքի արդյունքում։ Այդ եկամուտները հիմնականում ռուսական ռուբլով են։ Ռուբլու արժեզրկումը արժեզրկում է նաև նրանց եկամուտները։ Եթե մեկ ամիս առաջ 1 ռուբլու դիմաց նրանք կարող էին ստանալ մինչև 6,5 դրամ, հիմա ստանում են 6 դրամից պակաս։ Սոցիալական առումով սա բացասական գործոն է մեր բազմաթիվ քաղաքացիների համար։
Ռուբլու թուլացման ազդեցությունը լինելու է նաև սպասվող տրանսֆերտային հոսքերի վրա։
Թեև վերջին տարիներին այդ երկրի կշիռը տրանսֆերտային հոսքերի կառուցվածքում զգալիորեն նվազել է, այնուհանդերձ շարունակում է ամենամեծը լինել։ Դրսից ուղարկվող գումարների ավելի քան 40 տոկոսը Ռուսաստանից է։ Անցած տարի այն կազմեց 865 մլն դոլար։
Տրանսֆերտների վրա ազդելու է ոչ միայն ռուբլու թուլացումը, այլև Ռուսաստանում տնտեսական իրավիճակի սպասվող վատացումը։ Մի կողմից՝ դժվարանալու է այդ շուկայում աշխատանք գտնելը, մյուս կողմից՝ նվազելու են արտագնա աշխատանքի մեկնող ու այնտեղ բնակվող մեր հայրենակիցների եկամուտները, որոնց մի մասն էլ մտնում է Հայաստան։
Ռուսաստանի տնտեսության ու ֆինանսական շուկաներում առաջացող խնդիրները բացասաբար են ազդելու նաև այդ երկրից մեր տնտեսության մեջ իրականացվող ներդրումներ վրա։
Ռուսական կապիտալի մասնակցությունը մեր տնտեսության մեջ բավականաչափ մեծ է։ Վերջին շրջանում էլ ավելի է մեծացել, այդ թվում՝ Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերման արդյունքում։ Դրա շրջանակներում Հայաստանի իշխանությունները միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերից էին խոսում, հիմա հայտնի չէ, թե ինչ է սպասվում այդ ծրագրերին, դրանք լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու։
Խնդիրները, իհարկե, միայն այդ ընկերության հետ չեն կապված։ Դրանք վերաբերում են նաև ռուսական կապիտալով Հայաստանում գործող մյուս ընկերություններին, որոնք ևս ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։ Խոսքը հատկապես էներգետիկ և ֆինանսական ոլորտի ընկերությունների մասին է։ Նման ռիսկային ընկերություններ մեր տնտեսության մեջ կան, որոնք նախկինում ևս անմասն չեն մնացել կիրառված տարբեր պատժամիջոցներից։ Այդ ընկերությունների վրա պատժամիջոցների ազդեցությունները կարող են լինել՝ ինչպես զուտ ներդրումների, այնպես էլ՝ տնտեսական գործունեության համար խոչընդոտների ստեղծման ձևով։
Ռուսաստանում տնտեսական ու ֆինանսական իրավիճակի վատացումը ստիպելու է հրաժարվել այդ շուկայից մեր տնտեսության մեջ ներդրումային նոր ակնկալիքներ ունենալուց։
Բայց հնարավոր է՝ կորուստները նույնիսկ այս ամենով չսահմանափակվեն։ Դրանք կարող են ներառել նաև ֆինանսական համակարգը։
«Ֆինանսական հատվածից եկող ռիսկերը շատ ավելի մեծ են, որովհետև մեր հարաբերությունները սպասարկվում են նաև ռուսական բանկերի միջոցով, այդ բանկերին որոշակի սահմանափակումներ դնելը անդրադառնալու է նաև Հայաստանի վրա»,- վերջերս հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը, երբ դեռ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հեռանկարները մեծ չէին։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ են պատրաստվում անել մեր իշխանությունները ռուսական շուկայից եկող այս հնարավոր ռիսկերը թուլացնելու և սպասվող կորուստները նվազեցնելու առումով։ Անցած օրն էկոնոմիկայի նախարարը բավարարվեց հայտարարել, որ ուշադիր հետևում են իրավիճակի զարգացումներին և շատ անհանգստացած են։ Առայժմ այդքանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ