COVID-19-ի դեմ կարելի է պատվաստվել ապաքինվելուց 14 օր անց
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանձնաժողովին ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակն ու Երևան քաղաքում և մարզերում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը։
Անդրադառնալով այն փաստին, որ «Օմիկրոն» շտամի պարագայում հիվանդությունն ավելի թեթև ընթացք է ունենում՝ նախարարն ընդգծել է, որ դա պայմանավորված է պատվաստումներով և շեշտել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում` խթանիչ (բուստեր) դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:
Կրկին, անդրադառնալով հանրությանը հետաքրքրող այն հարցին, թե կորոնավիրուսային հիվանդությունից հետո անձը ե՞րբ կարող է պատվաստվել, նախարար Ավանեսյանը տեղեկացրել է, որ պատվաստվել կարելի է հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանձնարարել է շարունակել պատվաստումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկումը և ակտիվացնել վերահսկողական միջոցառումները։