«Կարող ենք ասել՝ Азербайджан имени Владимира Ильича Ленина, որովհետև բոլորս գիտենք, որ դա արհեստածին երկիր է»․ ՀՀ քաղաքացի
Այսօր հայոց զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարեդարձն է, այս առիթով բազմաթիվ շարքային քաղաքացիներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել էին զորավարի շիրմին՝ հարգանքի տուրք մատուցելու։
Քաղաքացիներից մի կին ցանկություն հայտնեց իր սրտի խոսքը հայտնել Զորավարի ծննդյան օրվա կապակցությամբ։
«Ամեն տարի բոլոր հայրենասեր մարդիկ գալիս են այստեղ և իրենց այցով և ծաղիկներ խոնարհելով հարգում են Անդրանիկ զորավարի հիշատակը, բայց ավելի շատ իրենք այստեղից ուժ են գտնում և վերադառնում են կենցաղ այն մտքերով, որ անելիք ունեն, որովհետև այն, ինչ որ արել է զորավար Անդրանիկը հայ ազգի համար, ժողովրդի համար․․․ Անդրանիկը փաստորեն հայ ազգի ճակատագիրն է իր վրա տանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացի Ալլա Հակոբյանը։
Նա զուգահեռներ անցկացնելով մեր ժողովրդի անցյալի և ներկայի միջև՝ ասաց, որ Անդրանիկն այն ժամանակ մարտնչում էր նույն այն երևույթի դեմ, ինչն այսօր էլ կա․
«Նույն իրավիճակն էր ինչպես այսօր՝ պառակտում, մեկը մյուսին չէր ուզում լսել, ամեն մեկն իր կողմն էր քաշում, բայց ինքն ու Նժդեհն ազգի համար արել են անգնահատելին։ Այսօր պետք է կարողանանք մեր ազգի մեջ գտնել Անդրանիկ, Նժդեհ, որոնք կհավաքեն մեր բոլոր խնդիրները մի բռի մեջ, ազգին կհավաքեն մի բռի մեջ և կկարողանան այս ճահիճից հանել հայ ազգին, որի մեջ ենք 2018 թվից, փրկել հայոց պետականությունը, և վերջին նպատակը՝ միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետությունը»։
Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արած հայտարարությանը, մեր զրուցակիցն ասաց․
«Ինքն ասաց՝ դեկոմունիզացիա՞ եք ուզում, շատ բարի, կստանաք դեկոմունիզացիա, և ասաց՝ «Украина имени Владимира Ильича Ленина», ինքը դա հիմնավորեց, որ՝ այսքան հողեր վերցված են Լեհաստանից, այսքան հողեր՝ Ռումինիայից, այսքան հողեր՝ Հունգարիայից, և ստեղծվել է արհեստածին Ուկրաինա կոչվող Սովետական Հանրապետություն։ Հիմա, որ այդ հայելին թեքում ենք մեզ վրա, կարող ենք ասել՝ Азербайджан имени Владимира Ильича Ленина, որովհետև բոլորս գիտենք, որ դա արհեստածին կառույց է, դա ստեղծվեց 1920 թվականի ապրիլի 27-ին, և քանի որ մենք այն ժամանակ սովետական չէինք, մեզանից կտրեցին մեր Արցախը․․․ Ինչպես Պուտինը նման հայտարարություն արեց, այնպես էլ մեր կառավարությունը պարտավոր է օր առաջ նույնն ասել Ադրբեջանի վերաբերյալ, որովհետև դա ասելով և հիմնավորելով պատմականորեն, բոլոր հիմար փաստաթղթերը, որ ստորագրված են, հեչ ենք դարձնում, վերացնում ենք․․․»։
Ալլա Հակոբյանը նաև իր դժգոհությունը հայտնեց Պաշտպանության նախարարությունից, որ զորավարի ծննդյան օրը ծաղկեպսակի փոխարեն՝ փոքրիկ ծաղկեփունջ են բերել․
«Պաշտպանության նախարարությունը ծաղկեպսակի փոխարեն՝ բերել ծաղկեփունջ է դրել, որքան իրենք հարգում են Անդրանիկ զորավարին, այդ չափի էլ բերել ծաղիկ են դրել, ես դրա ֆոտոն էլ ունեմ, միայն այս տարի չէ, որպես հայուհի՝ շատ վիրավորված եմ․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում