Պենտագոնի ղեկավարը քննարկել է Ուկրաինայի իրադրությունը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի գծով ամերիկյան դաշնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի հայտարարության մեջ, որը տարածվել է փետրվարի 24-ին։
Ինչպես նշված է հայտարարության մեջ, Օսթինն Ուկրաինայի իրադրությունը քննարկել է ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի 15 դաշնակիցների եւ եվրոպական գործընկերների հետ: Մասանավորապես, կայացել են Օսթինի ուղղակի բանակցությունները նրա կանադացի եւ թուրք պաշտոնակիցների հետ: Օսթինը նաեւ մասնակցել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած վիրտուալ հանդիպմանը: Բացի դրանից, Պենտագոնի ղեկավարը մասնակցել է Բուլղաիայի, Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Սլովակիայի պաշտպանության նախարարների հետ կայացած հեռախորհրդաժողովին:
Տարածված փաստաթղթի համաձայն՝ Օսթինը «հավաստել է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների եւ գործընկերների միասնությունն Ուկրաինայի աջակցության հարցում», ինչպես նաեւ հայտարարել է ՆԱՏՕ-ի նկատմամբ սպառնալիքների կանխման անհրաժեշտության մասին: Նա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին խնդրել է քննարկել լրացուցիչ ներդրումները դաշինքի պաշտպանական հնարավորությունների ապահովման եւ Ուկրաինայի ինքնապաշտպանության միջոցների ամրապնդման հարցում»,- նշված է փաստաթղթում: Իր հերթին ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլլին նույնպես Ուկրաինայի իրադրության շուրջ հեռախոսազույցներ է վարել ամբողջ աշխարհի իր պաշտոնակիցների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: