Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության հետ
Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային:
Երկուստեք կարևորվել է փոխադարձ արժեքների, մասնավորապես` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդումը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության խթանումը: Մարինա Կալյուրանդը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Եվրոպական խորհրդարանը, եվրոպական ինստիտիուտները լիովին աջակցում են դրանց:
«Նախարար Միրզոյանը կարևորել է հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը:
ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ որ Արարատ Միրզոյանն ու Մարինա Կալյուրանդն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Նշվում է, որ հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում շեշտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները: