Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և նրա ընտանիքին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանը, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյանները, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանը մարտի 1-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են պաշտոնական հայտարարությունների «Azdarar.am» կայքում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է նրանց գույքերի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք դնելու ՀՀ դատախազության միջնորդությունները, նրանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունն ավարտվել է:
«Նրանք հրավիրվել են Դատախազության համապատասխան վարչություն՝ իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար»,- հավելեց Գոռ Աբրահամյանը: