«Զոհվածների հարազատները պետք է ոչ թե ազատվեն ծառայությունից, այլ ծառայեն ՊՆ-ում կամ ԳՇ-ում». Տիգրան Աբրահամյան
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։
Նախագծով, իշխանական պատգամավորն առաջարկում է ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր ունեցող անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Գործող օրենքով, եթե տվյալ երիտասարդի եղբայրը զոհվել է, պարտադիր զորակոչում են բանակ և ազատում միայն այն դեպքում, եթե ընտանիքի միակ արու զավակն է մնացել:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իշխանական խմբակցության պատգամավորի ներկայացրած օրինագծի առնչությամբ մեկ այլ տարբերակ առաջարկեց.
«Ես ընդունում եմ այն բարդ բարոյահոգեբանական վիճակը, որն այսօր ստեղծվել է շատ ընտանիքներում։ Բայց մի կողմից գնանք արտոնությունների ընդլայնման, մի կողմից՝ շատ ավելի հստակեցման ճանապարհով, կարող ենք իրավունք, որպես այդպիսին, չսահմանել, այս շահառուների հարցը կարգավորել Պաշտպանության նախարարի հրամանով։ Եվ ուղղակի նրանց ծառայությունը նախատեսենք Պաշտպանության նախարարության կամ Զինված ուժերի ԳՇ կենտրոնական ապարատում»,- հանձնաժողովի նիստում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը, փաստորեն, առաջարկում է, ՊՆ-ի հրամանով այդ շահառուներին ուղղակի նշանակեն կենտրոնական ապարատում, այսինքն՝ արտոնությունը սահմանեն, այդ մարդիկ ծառայեն, դրանով օգտակար կլինեն հայրենիքին և հետագայում էլ իրենց կարիերայի համար, որտեղ որ կաշխատեն՝ որևէ խնդիր չեն ունենա։
«Ուղղակի եթե արտոնություն ենք սահմանում, եկեք նրանց տանենք ՊՆ և այդ հարցը կարգավորենք, որովհետև եթե մենք խոսում ենք ներկայիս գործող տարբերակով, երբ նրանք մարտական հերթապահություն չեն կրում, մենք ի՞նչ էինք անում, օրինակը Պաշտպանության բանակի վրա բերեմ։ Այդ շահառուները ծառայության էին գնում Ստեփանակերտում տեղակայված զորամասում, սակայն մարտական հերթապահություն չէին կրում»,- պարզաբանեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում